Saturday, February 2, 2013

  ՇԱՍՏԱ



1.

Եթե, սիրելի Լ., ասեմ քեզ, որ աշխարհի ամենա-ամենա տեղն է, սուտ չեմ ասի իհարկե, բայց սխալ կասեմ: Քանզի, իմ ոչ քիչ՝ ոչ էլ շատ, - ճամփորդություններից եկել եմ այն համոզմունքին, որ մեր այս սքանչելի Երկիր-մոլորակն ամբողջովին հենց “աշխարհի ամենա-ամենա” տեղերից էլ բաղկացած է: Օրինակ, կարելի՞ է արդյոք համեմատել որևէ տեղի հետ, ասենք, մեր Քոբերը: Իհարկե ոչ: Կամ՝ Արարատը…

Բայց, երբ նայում էի Շաստային, հիշում էի Արարատը… Արարատի պես երկու գագաթ ունի, չնայած, որ տարբերությունը մեկը մյուսից՝ այնքան մեծ չէ, ինչպես Սիսի ու Մասիսինը:

Հետաքրքիրն այն է, որ մեկն ամբողջովին ձյունապատ էր, իսկ մյուսը՝ ձյունից համարյա լրիվ մաքուր:

Արտակարգ բնություն է: Չհաշված մյուս ծառատեսակները՝ սեքվոյաներ, թխկիներ և այլն, - կյանքումս չէի տեսել այդքան կատարյալ, այդքան մեծ և այդքան գեղեցիկ եղևնիների այդպիսի մեծ քանակություն:

Իսկ երբ սկսում ես դրանց գումարել ծաղիկների քանակը, տեսակների և գույների բազմազանությունը, այստեղ արդեն լուրջ սկսում ես կասկածել. արդյո՞ք հիմնական գույներն ընդամենը յոթն են…

Ոչ մի տեղ գույների նման բազմազանություն չեմ տեսել:

Եթե չհաշվենք…

… Հայրս շինարար էր: Ոտքերը քիչ հիվանդ էին, այդ պատճառով հիմնարկը մի բեռնատար մեքենա էր տրամադրել նրան, որն ամեն օր գալիս էր հորս գործի տանելու: Վարորդը շատ մտերմացել էր հորս ու հաճախ, հանգստյան օրերին, հայրս հավաքում էր մեր ամբողջ ազգն ու տակը, լցնում այդ բեռնատարի թափքն ու տանում էր զբոսախնջույքի: Ու մի անգամ, ամռանը, նա մեզ տարավ Արագած սարը:

Քանի որ մանուկ տարիներս էին և անհասանելի վաղուց, - արդեն ոչինչ չեմ հիշում բացի հետևյալ տեսարանը.
բեռնատարը դանդաղ ընթանում է Արագածի լանջով: Ես ու եղբայրս, հենց ընթացքի ժամանակ, թափքի աջ կողմից քիչ կախված, ձյուն ենք վերցնում սարի լանջից ու ձնագնդիկներ ենք սարքում:

Իսկ մեքենայի ձախ կողմից՝ մի փոքրիկ մարգագետին է, որտեղ հյուրընկալել են աշխարհի բոլոր տեսակների, բոլոր գույների, բոլոր ժամանակների ծաղիկները, բոլորը՝ միաժամանակ, բոլորը՝ միասին… ձնծաղիկ ու կակաչ, մանուշակ ու երիցուկ…

Այսօր ես կարծում եմ, որ հավանաբար, քանի որ շատ բարձր էր այդ տեղը, և տարվա մեջ շատ քիչ էին տաք ու բարենպաստ օրերը, բոլոր ծաղիկները միաժամանակ էին ծաղկում, որպեսզի հասցնեն իրենց կյանքն ապրել… Դա էր պատճառն այդ հեքիաթային գեղեցկության:

Մի խոսքով:

Շաստա սարի մասին տեղյակ էի նյու-էյջական գրականությունից: Պատմվում է, որ սարի մեջ մի քաղաք է գտնվում, Թելոս անունով, որտեղ բնակվում են նրանք, ովքեր գոյատևել են Երկիր մոլոլակի վրա մեզանից և ատլանտներից առաջ, այսինքն՝ լեմուրացիները: Հսկայական երկիր է եղել Լեմուրիան: Այն տարածվել է Հյուսիսային Ամերիկայից մինչև Ավստրալիա: Այսօր այդ հսկայական ցամաքից մնացել են. Շաստա սարը, Պիրամիդ լիճը՝ Լոս Անժելեսից քիչ հյուսիս, խաղաղօվկիանոսյան լիքը փոքր ու մեծ կղզիները՝ օրինակ, Հավայական կղզիները, Բորա-Բորա, մորա-մորա և այլն:

Մի երկու խոսք ասեմ լեմուրացիների մասին: Ապրել են հավանաբար հավերժ, քանի որ նրանց մարմինը չի ծերացել: Բայց կարող էին մահանալ պատահարներից: Նորմալ պայմաններում, կարող էին ուղղակի դադարեցնել իրենց ֆիզիկական կյանքն ըստ ցանկության:

Շատ ավելի զարգացած են եղել մեզանից էլ, ատլանտներից էլ. նախնական գիտելիքներ, տարբեր պարանորմալ և փսիխո- հատկություններ և այլն:

Նախապես գիտենալով Լեմուրիայի կործանման մասին (հերթական աշխարհի վերջ), լեմուրացիների շատ քիչ քանակություն հետ է վերադառնում Մու մոլորակը, որտեղից որ նրանք եկել էին Ուրանտիա (Երկրագնի տիեզերական անվանումն է); մոտ քսանհինգ հազար հոգի որոշում է փրկվել Շաստա սարի մեջ և այդ պատճառով նախապես սկսվում է Թելոս քաղաքի շինարարությունը; իսկ հիմնական մասսան ընտրում է զոհվել սիրելի Լեմուրիայի հետ միասին:

Մեկ գիշերվա ընթացքում Լեմուրիան կործանվում է: Այսքանը:

Վիքիպեդիան ասում է, որ սարը Շաստա են անվանել ռուսները, դեռևս այն ժամանակներում, երբ ռուսական կառավարությունը չէր վաճառել Ալյասկան ԱՄՆ-ին և մարդիկ հնարավորություն ունեին սառոույցների վրայով մեկ մայր ցամաքից մյուսն անցնել։ Դա նրանց “երջանկություն” բառն է (счастье): Ըստ ինձ՝ շատ ճիշտ են անվանել, որովհետև, երբ Շաստայի մոտ ես, կարծես սիրտդ երջանկության մեջ լվանաս:
Հա, չմոռանամ ասել, որ մինչև օրս էլ ԱՄՆ հյուսիսային նահանգներում և Կանադայում կարելի է հանդիպել այն ժամանակներից այստեղ տնավորված ռուսների։

Սկզբում ես, ինչպես ասում են, առանձնապես ինչ-որ շարժումներ չէի անում Շաստայի հանդեպ: Ինձ համար տանը նստած, մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ կարդում էի հետաքրքիր տեղեկություններն ու լրիվ բավարարված էի զգում ինձ: Մինչև…

Մի անգամ օդանավակայանից մի երիտասարդ վերցրեցի (հիշեցնեմ, որ տաքսու վարորդ եմ ներկայիս կյանքում): Պարզվեց, Սիեթլ քաղաքից է: Խոսակցության ընթացքում ասացի, որ ծրագրում եմ հաջորդ տարի գնալ-տեսնել Սիեթլ ու Պորտլենդ քաղաքները և Շաստա սարը:

Իսկույն հարցրեց լրջացած. իսկ լսե՞լ եմ արդյոք տարօրինակ պատմությունները Շաստա սարի մասին: Ես… ինձ բանից անտեղյակի տեղ դրեցի, բայց ցուցաբերեցի մեծ հետաքրքրություն: Դե, իսկ երիտասարդն էլ իրեն երկրորդ անգամ խնդրել չստիպեց և ուրախությամբ ինձ պատմեց հետևյալը.

Սիեթլում մի լեռնամագլցելասեր ծանոթ ունի, որը մի անգամ գնում է բարձրանալու Շաստա սարը: Ինչպես է լինում, սրանք խմբով կորցնում են իրենց ճանապարհը: Առանձնապես չեն էլ հասցնում հոգնել իրենց ճանապարհը փնտրելիս, երբ հանդիպում են մի քանի մարդու, որոնք օգնում են մեր կորածներին ճիշտ ճանապարհ դուրս գալ: Ինչպես պատմել է հաճախորդիս ծանոթը, այս մարդիկ շատ տարբերվում էին մեզանից: Նրանք ավելի բաց գույնի մաշկ ունեին, երկար, համարյա սպիտակ մազեր և, որ ամենահետաքրքիրն է, մոտ երկու անգամ ավելի բարձրահասակ էին մեզանից:

Ճիշտ, ինչպես նկարագրում են լեմուրացիներին Թելոս քաղաքի մասին գրքերի հեղինակները:

Այդ օրվանից էր, որ ես հաստատ որոշեցի անել ամեն ինչ Շաստա գնալու համար: Եվ այնքան մեծ էր ցանկությունս, որ կինս ու աղջիկս, ինձանից գաղտնի, կազմակերպեցին այդ ճամփորդությունը՝ դե, հյուրանոց և այլն, - և ծննդյանս օրն ինձ մատուցեցին որպես նվեր:


2.

Որոնումերի կարիք բոլորովին չունես։ Մայրուղու մի հերթական գալարից հետո հեռու՜ հեռվում, մի քանի ավելի փոքր սարերից այն կողմ տեսնում ես նրա ձյունապատ գագաթը։ Դեռ երկու-երեք տասնյակ կիլոմետր ունես նրան հասնելու, բայց արդեն ոչ մի կասկած չունես, որ Շաստան է։

Դու արդեն չես կարող կասկածել։

Անմիջապես սկսում է արթնանալ քո մեջ քո անձնական շաստա-երջանկության զգացմունքը։ Զգում ես, որ սկսում ես ընկղմվել այդ զգացմունքի մեջ, բայց չես հասցնում ամբողջովին վայելել այն, քանզի արդեն արթնացել է մի հաջորդ զգացմունք էլ, որի թողած ազդեցությունը համարյա ֆիզիկական է. քեզ թվում է, կրծքավանդակդ սկսել է մեծանալ ու շուտով հավանաբար կպատռվի, չկարողանալով համառնել իր մեջ հսկայական տեմպերով ահագնացող այդ նոր զգացմունքը… Դա՝ քո ամբողջականության, քո միասնականության, քո անքակտելիության զգացմունքն է Շաստա սարի և նրան շրջապատող հիասքանչ բնության հետ։

Արդեն մոտ մեկ տարի է անցել մեր հանդիպումից, բայց այդ զգացմունքն ինձ դեռ չի լքել։

Կանգ առանք Շաստա լճի ափին և հիացանք նրա զմրուխտով։ Մեզանից ոչ հեռու դեկորատիվ ինչ-որ բաներ էին սարքած, որոնցից տպավորություն էր ստացվուոմ, որ մոտակայքում հանքեր կան։ Որոշեցինք ճշտել։ Պարզվեց, որ ժամանակին իրոք եղել են, բայց հիմա չեն գործում։ Եվ սակայն կարելի էր մտնել-տեսնել նրանք զբոսախմբի հետ միասին։ Արդեն պատրաստվում էինք տոմսեր գնել, երբ իմացանք, որ բավական երկար պետք է սպասել հաջորդ խմբի կազմավորմանը, քանի որ մուտքին կարելի էր հասնել միայն նավակներով, իսկ նավակները հենց նոր տարել էին նախորդ խմբին ու վերադառնալու էին մոտ երեք ժամ հետո։ Այդքան երկար սպասել մենք չէինք կարող, որովհետև երկար ճանապարհից հոգնած էինք շատ ու երազում էինք րոպե առաջ տեղ հասնել։ Որոշեցինք հաջորդ օրերը վերադառնալ, բայց ցավոք, մեր այդ որոշումն ի կատար չածվեց։ Լավ էր գոնե, սուվենիրների կրպակից տարբեր գույների կվարցների մի քանի կտորներ գնեցի որպես հիշատակ, ինչպես նաև հումքի մի կտոր, որը կարող է նաև ոսկու հումք լինել. դե գիտես քարի այն կտորները, մեջը ոսկի փայլքերով… Ինքս դրա իսկական լինելու վրա համոզված չեմ, բայց շատ գեղեցիկ է։


3.


Հյուրանոցի հետևում` ինչպես նաև Շաստա քաղաքի բոլոր մեծ ու փոքր հյուրանոցների հետևում, - արդեն հսկա Շաստան էր, իր ձյունապատ գագաթով: Այնպես որ այդ հոյակապ տեսարանով ոչ ոքի չես զարմացնի: Բայց մեր հյուրանոցը, բացի հիմնական շենքից, ուներ նաև բազում փոքրիկ տնակներ, որոնք սփռված էին զվարճալի անունով (Սիսկիյու) գեղատեսիլ լճակի ստվերաշատ ափերին: Եվ ի հուրախություն մեզ, այդ տնակներից մեկը մի քանի օր մեզ էր պատկանելու:

Քանի որ մթնելու էր շուտով և մենք էլ հոգնած էինք երկար ճանապարհից (դստերս հետ մեքենան վարել էինք մոտ 1200 կմ), այդ երեկո բավարարվեցինք միայն անիմաստ պտտվելով փոքրիկ քաղաքի մի քանի փողոցներով: Մեծամասնությամբ մի հարկանի, ոչ մեծ տնակներ են, որոնք հսկայական Շաստայի ֆոնի վրա` ընդհանրապես խաղալիքի տպավորություն են թողնում: Այդ երեկո փողոցները դատարկ էին. դե, հինգշաբթի էր, աշխատանքային օր: Այնպես որ մեր հրճվանքը, մեզ խեղդող զգացմունքները վայելում էինք, կարելի է ասել, միայնության մեջ:

Հազար ու մի տեղից նկարեցինք Շաստան, որովհետև, որտեղից էլ նայես նրան, թվում է, թե այդքան գեղեցիկ տեսարան դեռ չես նկարել: Իսկ դուստրս էլ` լուսանկարելու համար խելքն իրենը չէ, այնպես որ...
Ճիշտ է, միգուցէ հենց այդ շատ նկարելն էր պատճառը, որ հետո, արդեն տանը, լուսանկարները նայելուց, նրանցից մի քանիսի վրա օրբեր հայտնաբերեցինք:

(Օրբ՝ անգլերեն նշանակում է գունդ։ Օրբերը՝ պարանորմալ պլազմային կազմավորումներ են, որոնք մարդու աչքին տեսանելի չեն սովորական պայմաններում, բայց լավ տեսանելի են լուսանկարների վրա, երբ լուսանկարելու ժամանակ օգտագործվել է լուսաբռնկումը։ Այլ կերպ ասած, օրբերը՝ էներգետիկ խտացումներ են։ Մարդիկ ավելի շատ սիրում են անվանել դրանք անորակ լուսանկարներ։ Բայց մի անգամ, երբ ընկերոջս դուստրը նայել էր իրենց տանը եղած “անորակ” լուսանկարները, նկատել էր, որ հոր կողքի այդ “անորակությունները” միշտ մեկ գույն ունեն, իսկ իր ընկերոջ կողքինները՝ մեկ այլ…
Բայց, եթե հետաքրքրում քեզ են օրբերը, ավելի լավ է, նայիր համացանցում, քանի որ իմ այս պատմությունն առանց օրբերի էլ, ինչպես տեսնում ես, շատ է երկարում։
Ճշմարիտն ասած, կարճ պատմելն ինձ երբեք էլ առանձնապես չի հաջողվել։ Մի ընկեր ունեմ, նա ասում է, որ ես իմ պատմություններն Արուսյակ տատիկից եմ սկսում, չնայած ես Արուսյակ անունով տատիկ չեմ ունեցել։
Այնպես որ, կաշխատեմ այսուհետ ավելի հակիրճ կապել։)


4.

Առավոտյան շատ վաղ արթնացա. դեռ մութ էր։ Սուս ու փուս հագնվեցի, զգուշորեն մի բաժակ սուրճ եփեցի՝ իմոնց չարթնացնեմ հանկարծ, - և դուրս եկա տանից։

Լավ ցուրտ էր։ Առավոտյան աղջամուղջի մեջ նոր սկսել էր ի հայտ բերել իրեն աշխարհը։

Նստեցի մեքենան, դուրս եկա տնակների շրջապատումից, քիչ հեռացա հյուրանոցից ու կանգ առա անտառի մեջ, ճանապարհի մի այնպիսի շրջադարձի վրա, որտեղից առջևումս արդեն նշմարվում էին Շաստայի ձյունապատ լանջերը։

Սկսեցի տնավորվել մեքենայի մեջ. հետ տարա աթոռս, պայուսակիսց հանեցի գրիչս ու տետրերս, պատրաստեցի ակնոցներս, տաք սուճը, սառը ջրի շիշը։ Մի խոսքով, հնարավորինս հարմար ստեղծագործական միջավայր։

Դեռևս աղջամուղջ էր և բավարար լույս չկար գրելու համար։ Մի երկու կում սուրճ ըմպեցի և, քանի որ սպասելու էի դեռ, որոշեցի առայժմ մեդիտացիայով զբաղվել։ Մի քանի անգամ խոր շունչ քաշեցի, փորձելով հետևել շնչառությանս։ Հետո փակեցի աչքերս…

… Աչքերիս առջև մի բեմահարթակ բացվեց՝ ոչ մեծ, ոչ փոքր, ոչ այնքան խորը։ Ավելի ճիշտ, խորությունը չէր երևում, քանի որ բեմի ամբողջ լայնությամբ այն ծածկված էր վարագույրով, որի վրա դրոշմված էր Ադամայի հսկայական պատկերը, ճիշտ այն պատկերը, որը որ կա երեքհատորյա “Թելոս” գրքում։

Հետո, երբ արդեն տուն էինք վերադարձել, ես գտա ու նայեցի Լի Քերրոլլի և Քրայոնի հաղորդատվությունը (չեննելինգ) Շաստայում, 2005 թվականի հունիսի 18-19-ին։ Դահլիճի բեմը, որտեղ տեղի էր ունեցել հաղորդատվությունը, շատ նման էր իմ տեսած բեմին, և հետին վարագույրի վրա էլ ճիշտ նույն կերպ դրոշմված էր Ադամայի նույն պատկերը։

Չմոռանամ ասել, որ Ադաման՝ այն լեմուրացին է, ում հետ հաղորդակցվելով է, որ Աուրելիա Լուիզա Ջոունսը գրել է իր “Թելոս” գրքերը։

Բացեցի աչքերս։ Առջևումս Շաստան էր, արդեն քիչ ավելի հստակ երևացող՝ արթնացող օրվա մեջ։ Կարո՞ղ ես արդյոք պատկերացնել, թե որքա՜ն կախարդանք կա անտառապատ առավոտի մեջ, և այն էլ այն դեպքում, երբ առջևումդ կախարդ Շաստան է… հենց աչքերիդ առջև կերպարանափոխվող՝ բացվող առավոտվա յուրաքանչյուր ակնթարթին։

Եվ այդպես շարունակ։ Փակում ես աչքերդ, Ադաման է դիմավորում քեզ բարի ժպիտով։ Բացում ես աչքերդ, Շաստան է դեմդ՝ իր դիմակահանդեսով…

Էլ ի՜նչ գրելու մասին է խոսքը։ Այդպես էլ՝ ոչ մի տող։

Թե որքան երկար մնացի նստած անտառի այն ճանապարհին, Շաստայի և Ադամայի ընկերակցությամբ՝ չգիտեմ։ Բայց այնպիսի տպավորություն է, որ այդ ժամանակամիջոցում վերհիշեցի ամբողջ կյանքս։ Եվ այնպիսի տպավորություն է նաև, որ ես կարողացա նույնիսկ վերագնահատել այն, ասես թե նոր հայացքով նայել անցած կյանքիս։ Գիտես, չեմ կարող ասել, որ մինչ այդ համարում էի, իբր կյանքս սխալներով լիքն է եղել։ Ոչ այնքան շատ, բայց սխալներ միշտ էլ եղել և լինում են, ինչպես բոլորի կյանքերում, և ես էլ, իհարկե, պաշտպանված չեմ նրանցից։

Բայց այն առավոտյան, հեքիաթային անտառի մեջ, Շաստայի հովանավորության տակ, կատարվեց այն, որ ես ներեցի ինձ իմ բոլոր` անցյալ, ներկա և ապագա սխալները։

Ես բոլորին ներեցի իրենց բոլոր սխալները։

Քանզի Շաստայի անկրկնելի գեղեցկության մեջ և Ադամայի բարեհամբույր ժպիտի տակ ես հասկացա հստակորեն, որ ընդհանրապես սխալ՝ գոյություն չունի։ Դա ճշմարտության հակառակ բևեռն է ընդամենը, առանց որի մենք անկարող կլինեինք գիտակցաբար և ըստ արժանավույն գնահատելով, հասնել հենց իրեն, ճշմարտությանը։ Դա՝ մեր կյանքի փորձն է, առանց որի մենք անկարող կլինեինք ընկալել նրա ամբողջ իմաստությունն ու գեղեցկությունը։

Երբ երջանիկ և, այո՝ մաքրված, - վերադարձա մեր ժամանակավոր օթևանը, կինս և դուստրս արդեն պատրաստ՝ ինձ էին սպասում, որ գնանք նախաճաշի։
5.

Հյուրանոցի սրահում մոտեցանք հյուրերի գրանցման և սպասարկման սեղանին, հարցնելու, թե որտեղ կարող ենք նախաճաշել։ Քանի դուստրս՝ Լիլիթը, զբաղված էր պարզելով այդ կարևոր հարցը, ես սկսեցի նայել մեր առջև, սեղանին դրված լուսանկարները, որոնց բոլորի վրա էլ, ինչպես ճիշտ կռահեցիր, Շաստան էր պատկերված։

Ասեմ, որ թե “Թելոս” գրքերում, թե նյու-էյջական այլ գրականության մեջ, և թե համացանցում (եթե քեզ հետաքրքիր է, կարող ես ինքդ գտնել այնտեղ), շատ է խոսվում տարօրինակ ամպերի մասին, որոնք հաճախ կարելի է տեսնել Շաստայի վրա կամ նրա շրջակայքում։ Սրանք, հիմնականում, որոշակիորեն շեշտված ուրվագծեր ունեն, խիտ են այնքան, որ նրանց ներսը տեսնել հնարավոր չէ, և հիմնականում կամ երկարավուն են, կամ էլ շուռ տված ափսեի տեսք ունեն, իսկ երբեմն էլ կարծես մի քանի իրար վրա դրված շուռ տված ափսեներ լինեն։ Գրքերում ասվում է, որ այդ ամպերի մեջ լեմուրացիներն իրենց տրանսպորտն են քողարկում, ինչպես նաև իրենց հյուրերի փոխադրամիջոցները։

Մի խոսքով, ես ընտրեցի լուսանկարներից մեկը, որի վրա առավել հետաքրքիր ամպեր էին պատկերված, և մեկնեցի այն մեր առջև նստած աղջկան.

- Ի՞նչ կասեք սրա մասին։

Աղջիկը նայեց լուսանկարին, հետո ուշադիր նայեց ինձ, կարծես փորձելով որոշել գիտելիքներիս աստիճանն այդ հարցում.

- Լեմուրացիների՞ն ի նկատի ունեք։

- Հենց նրանց, - ասացի։

Նորից մի պահ ուսումնասիրեց ինձ, ընտանիքս։ Երևում էր, որ իրոք, որոշում է կայացնում։

- Դե, նրանք իրականություն են…

Ու նորից լռեց։

- Հմմ։ Հարուստ տեղեկություններ էին, - ասաց կինս։

- Իսկ ուրիշ ի՞նչ էիք ցանկանում ինձանից լսել, - քիչ ագրեցիվ ասաց աղջիկը։ - Այն մասին, ինչը դուք հաճույքով պիտի հերքե՞ք։

- Դե, ինչո՞ւ անմիջապես՝ պիտի հերքենք, - մեջ մտավ Լիլիթն իր դիպլոմատիկ նրբանկատությամբ։ - Մենք այստեղ ենք եկել հենց այն պատճառով, որ ցանկանում ենք չը-հերքել։ Իսկ հայրս, առավել ևս, երկար ժամանակ երազում էր Շաստա գալ և իր աչքերով տեսնել այն, ինչով կլանված է արդեն տարիներ։ Իսկ դուք՝ “պիտի հերքեք”…

- Լավ, լավ, ներող եղեք, - քիչ մեղմացավ աղջիկը։ - Ուղղակի… ձեր նմանները շատ քիչ են։ Իսկ հիմնականում, գիտե՞ք, այնքան էլ հաճելի չէ լսել, որ այդ “հեքիաթները” տեղացիներն են հնարում, որպեսզի հետաքրքրասերներին գայթակղեն Շաստա գալ և այդպիսով եկամուտ ունենան։ Այ, հենց ձեզանից մի քանի րոպե առաջ էր, ճանապարհեցի այդպիսի մի զույգի։ Այնպես որ, կներեք…

- Ցավակցում եմ, - ասաց Լիլիթը։ - Բայց և այնպես, միգուցէ բավարարե՞ք հորս հետաքրքրությունը։

- Իհարկե, իհարկե, - արդեն պատրաստակամորեն ասաց աղջիկը։ - Բայց ասեմ, որ այստեղ ահագին գրականություն կա այդ թեմայով և, - նա դարձավ դեպի ինձ, - եթե Ձեզ հետաքրքիր է, կարող եք գրախանութում…

- Ցավոք, - ընդհատեցի նրան, - անգլերենի իմացությունս շատ խղճուկ է։ Այնպես որ, եթե հնարավոր է…

- Դե լավ, հարց չկա։ Բայց, ինչպես ասել… Հասկանո՞ւմ եք, այն, ինչ շատերի համար հետաքրքիր երևույթ է կամ արկած, - մեզ համար՝ մեր իրականությունն է, մեր կյանքը։ Հետաքրքրասերները գալիս են, գնում, ամեն մեկն իր կարծիքն է կազմում. ինչն է ճշմարիտ, ինչն է սուտ… Իսկ մենք՝ մնում ենք։ Այս տեղը… հասկանո՞ւմ եք, ինչ-ինչ պատճառներով, բայց այն հարուստ էներգետիկա ունի։ Եվ մենք, տեղի բնակիչներս, շատ զգայուն ենք բացասական էներգիաների հանդեպ։ Այդ է հիմնականում պատճառը, որ գերադասում ենք լռել օտարների առջև։

Իսկ լեմուրացիները՝ այո, իրականություն են։ Նրանք կան և բնակվում են Սարի մեջ։ Մեր մեջ կան շատերը, ովքեր հանդիպել են նրանց, և ոչ միայն Սարի վրա։ Նույնիսկ ասում են, որ կան մարդիկ, ովքեր մշտական կապի մեջ են գտնվում լեմուրացիների հետ։

- Տիկին Աուրելիա Լուիզա Ջոունսը և նրա նմաննե՞րը, - հարցրեցի ես։

- Ոչ միայն, - ասաց աղջիկը։ - Նրանք՝ իհարկե։ Այդ բոլոր գրքերը, որ գրված են Թելոսի և լեմուրացիների մասին, անհնար կլիներ գրել, առանց անմիջական կապի Ադամայի և մյուսների հետ։
Ինչ խոսք, որ ոչ բոլորն են գրում իրենց հանդիպումների մասին։ Շատերը գերադասում են լռել։ Բայց Դուք, - ինձ վրա ուղղված նրա սևեռուն հայացքից ես հասկացա, որ նա հենց ինձ ի նկատի ունի, - Դուք կճանաչեք այդ մարդկանց, երբ հանդիպեք։ Կճանաչեք։ Որովհետև… Դուք… գիտեք։

- Իսկ մե՞նք… կարո՞ղ ենք մենք էլ լեմուրացիների հանդիպել, - հարցրեց կինս։

- Չեմ կարծում։

- Ինչո՞ւ։

- Նրանք ապրում են այլ տարածքում, - մեջ ընկա ես։

- Ճիշտ է, - ձայնակցեց ինձ աղջիկը, - ավելի բարձր տարածքում։ Իսկ դա նշանակում է, որ նրանց մարմնի վիբրացիան ավելի բարձր է և մեզ՝ անտեսանելի։ Մենք կարող ենք նրանց տեսնել միայն այն ժամանակ, երբ իրենք են այդ ցանկանում, քանի որ նրանք կարող են իջեցնել իրենց մարմնի վիբրացիան մինչև մեր՝ երեքտարածքային վիբրացիայի աստիճանի։ Հնարավոր է, որ այնքան էլ հեշտ գործ չէ դա. չէ՞ որ բոլոր գրքերը լեմուրացիների մասին գրվել են ոչ թե անմիջական հանդիպումների շնորհիվ, այլ հաղորդատվությունների (չեննելինգ) միջոցով։
Բայց և այնպես, երբեմն նրանք դուրս են գալիս շփման։ Եղել են դեպքեր, երբ նրանց հանդիպել են Սարը բարձրացողները, իրենց գիշերային օթևաններում, իսկ ոմանք, խարույկի շուրջ, անգամ զրուցել են նրանց հետ։

- Նրանք խոսում են անգլերե՞ն, - հարցրեց Լիլիթը։

- Նրանք խոսում են տելեպատիայի միջոցով, - պատասխանեց աղջիկը։ - Չնայած, չեմ կարծում, որ անգլերենը նրանց անհասանելի է։
Բայց հիմնականում նրանք կոնտակտի են դուրս գալիս, երբ անհրաժեշտություն է ծագում։ Օրինակ, երբ հետաքրքրասերներից ոմանք կորում են Սարը բարձրանալիս։ Այ, այդ ժամանակ արդեն նրանք շտապում են օգնության։ Կարող եք փորձել, - աղջիկը ժպտաց։

- Իսկ ի՞նչ են նրանք ասում, - հարցրեց Լիլիթը ։

- Նրանք ասում են, որ շուտով մենք կհանդիպենք։

6.

Նախաճաշից հետո, ինչ խոսք, որ մեր թիրախը՝ Շաստան էր։ Մեքենայով սկսեցինք պտտվել նրա շրջակայքում։ Որոշակի ծրագիր չունեինք, և այդ պատճառով, ոչ քարտեզից էինք օգտվում և ոչ էլ հարցուփորձ անում։ Ուղղակի ընտրում էինք դեպի Շաստա տանող մի ճանապարհ ու գնում, մինչև այն կվերջանա։

Մի քանի ժամ թափառելուց հետո, վերջապես դուրս եկանք մի ճանապարհ, որը մեզ հասցրեց այն ամեձնաբարձր կետը, ուր կարելի էր հասնել մեքենայով, ծովի մակարդակից մոտ երկու հազար հինգ հարյուր մետր բարձրության վրա։ Հենց այստեղ են գալիս շաստայագնացները, կանգնեցնում են իրենց մեքենաները, գիշերում են մեքենաներում կամ վրանների մեջ, իսկ վաղ առավոտյան սկսում են վերելքը։

Երևի մոտ հիսուն մեքենա էր հանգրվանել սարի լանջին։ Մարդիկ այնքան էլ շատ չէին։ Դե, ցերեկվա այդ ժամին, թե սարը բարձրացողները և թե վերադարձողները, հավանաբար դեռ ճանապարհին էին։ Բայց և այնպես, կային նրանք, ովքեր նախապատրաստություններ էին տեսնում՝ առավոտից ճանապարհ ընկնելու համար։

Կանգնեցրի մեքենան հարմար մի տեղ ու դուրս եկա մեքենայից։ Լավ ցուրտ էր, չնայած արևոտ օրվան։ Ավելի ճիշտ, արև էր այնտեղ, ներքևում, իսկ այստեղ, Շաստայի վրա, արևն ինչ-որ աննկատելի չքացել էր տեսադաշտից, թողնելով մեզ միայն անարև անամպամածություն։

Մեր կողքի մեքենայի մեջ երկու երիտասարդ էին նստած, հաց էին ուտում։ Բարևեցի։ Պատասխանեցին բարևիս։ Մեքենայից վերցրեցի ժակետս, հագա։ Ինձ մոտիկ նստած երիտասարդն ասաց, որ լավ է, որ տաք հագուստ ենք վերցրել, այստեղ ցուրտ է։ Ես հարցրեցի, պատրաստվում են սա՞րը բարձրանալ։ Ասաց այո, առավոտից կճանապարհվեն։ Հարցրեցի, իսկ բարձրացե՞լ է արդյոք նախկինում, թե՞ առաջին անգամ է բարձրանալու։ Ասաց, որ սա՝ չորրորդ անգամն է արդեն։ Հարցրեցի, տեսե՞լ է արդյոք արտասովոր մի բան սարը բարձրանալիս։ Կտրուկ պատասխանեց, որ ոչինչ չի տեսել և ընդհանրապես, արտասովոր ոչինչ այստեղ չկա, ուղղակի սար է, - և ցուցադրաբար շուռ եկավ դեպի ընկերը. զրույցն ավարտված է։





7.

Ավտոմեքենան կանգնեցրել էի մի փոքր բլրակի առջև, և հենց այդ բլրակի պատճառով մեքենայի մոտից Շաստան համարյա չէր երևում. միայն երկու գագաթները։ Այնպես որ, երեքով բարձրացանք բլրակը։

Առջևում մի հսկայական կիսաշրջանաձև բացատ էր, երկու-երեք հարյուր մետր շառավիղով։ Համեմատաբար հարթ տարածություն էր, քար ու ավազ։ Հատուկենտ փոքրիկ եղևնիներ էին աճում, քիչ ավելի շատ՝ ինչ-որ ցածրահասակ թփեր։ Երեք կողմից, Շաստայի սահուն վեր բարձրացող լանջերին, եղևնիների նոսր անտառաշերտը կարծես սահման լիներ մեր և Սարի միջև։ Ծառերից այն կողմ ձյուն էր և էլ բուսականություն հիմնականում չկար. հեռու վերևում, համատարած ձյան վրա, տեղ-տեղ մութ կետեր կային միայն, - հավանաբար ծառերի փոքրիկ խմբեր էին։ Քիչ թե շատ ձյուն կար անտառաշերտի մեջ էլ։ Ծառերն այնքան նոսր էին աճում, որ նրանց մեջ ամեն ինչ պարզ երևում էր։

Բացատում մարդ չկար, մեր առջև միայն Շաստան էր։ Վերելքի արահետն անցնում էր մեզանից ձախ գտնվող ավելի հանդիպակաց լանջի վրայով։ Այնպես որ մարդիկ հենց մեքենաների մոտից բարձրանում էին այդ արահետն ու կարիք չկար բացատով անցնելու։

Մենք քայլեցինք դեպի բացատի կենտրոնը, որտեղ մի քանի մեծ քարեր կային։ Նստեցինք քարերից մեկի վրա, դեմքով դեպի Շաստան։ Հետո մի պահ ես հասկացա, որ մենակ եմ մնացել։ Հավանաբար, իմոնք որոշել էին ինձ մենակ թողնել Շաստայի հետ։

Ես չգիտեմ, թե որքան մնացի նստած այն քարին։ Ժամանակը կորել էր ինչ-որ տեղ։ Ավելի ճիշտ, այն ժամանակ այն, հավանաբար, աշխատում էր իր իրական, չորստարածքային էության մեջ, այլ ոչ թե մեր հասկացած գծային ձևով. այսօրվանից մինչև երեք հարյուր տարի առաջ, կամ Երևանից մինչև Համզաչիման…

Ինչ-որ մի պահ սթափվեցի ու հասկացա, որ ուսերիս վերմակ է գցված. մեքենայի մեջ ունեինք մի քանի հատ։ Հետ նայեցի։ Կինս ու Լիլիթը նստած էին ինձանից մի հիսուն մետր հետ, նույնպես՝ վերմակներն ուսերին։ Ինձ ձեռքով արեցին։ Ես պատասխանեցի և նորից շուռ եկա դեպի Շաստան։

…Հետո եկավ մառախուղը։ Գիտե՞ս, բառացիորեն՝ ե-կավ։ Այն դուրս եկավ Շաստայի հետևից, և նրա ձախ ուսի վրայով սկսեց դանդաղ սահել լանջն ի վար։
Զարմանալին այն է, որ այն դուրս եկավ ոչ թե ինչ-որ աննկատ կամ հանկարծակի։ Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում։ Դե, պատկերացրու. հսկայական տարածություն է առջևումդ և այդ ամբողջ տարածության վրա՝ Շաստան է։ Եվ ավելի տրամաբանական կլիներ, եթե, ասենք, աչքերդ իրենց համար զբոսնում են սարի վրա ինչ-որ տեղ, հետո թեքվում ես մի այլ կողմի վրա ու տեսնում, որ այ այստեղ, քո բացակայության ժամանակ ինչ-որ բան փոխվել է։ Տես հա՜, մառախուղ է հայտնվել, - զարմանում ես դու։ Ճիշտ չէ՞…

Բայց տես, թե ինչ կատարվեց։ Ինչ խոսք, որ աչքերս թափառում էին ամբողջ Շաստայով մեկ։ Որովհետև ամեն տեղ, սկսած սարի գագաթից՝ կամ ձյունապատ լանջերին, կամ հեռվում, ձյան վրա կետեր թվացող հազվադեպ ծառերի մոտ, և կամ էլ իմ ու Շաստայի միջև պարիսպ կապած նոսր անտառաշերտի մեջ, - ես անընդհատ ինչ-որ բան էի փնտրում, փորձում էի ինչ-որ բան նկատել կամ ինչ-որ շարժում…

Եվ հենց այն ժամանակ, երբ թեթև հայացք նետեցի Շաստայի գագաթին, հենց այդ ժամանակ, - կարծես նույնիսկ օդը քարացավ մի ակնթարթ, հենց այդ ակնթարթին աչքերս ասես սահեցին գագաթից քիչ ցած ու մեխվեցին հենց այն տեղի վրա, որտեղից, համատարած լռության և օդի բյուրեղյա պարզության մեջ, հանդիսավոր դուր եկավ մառախուղն ու սկսեց փռվել Սարի վրա։

Շուտով արդեն գագաթը չէր երևում։ Եվ, եթե չլիներ մառախոուղի նպատակասլաց հոսքը դեպի ցած, դժվար կլիներ պահպանել ձյան և մառախուղի տեսողական սահմանը։ Քիչ անց այդ սահմանն էլ կորեց։ Իմ առջև միայն նոսր, բարակ անտառաշերտն էր և… մառախուղի հոծ պատը։

Որ ճշմարիտն ասեմ, ինչ-որ տագնապ էր մտել մեջս։ Ես ամբողջովին լարվել էի։ Քարի վրա զգաստ նստած, զգում էի ինձ այնպես, ինչպես, հավանաբար, օձի առջև նստած զոհն է զգում իր վերջին վայրկյանները…

Իսկ մառախուղն այդ ընթացքում արդեն ծառերն էլ կուլ տվեց և եկավ կանգնեց իմ դեմ-հանդիման։ Ու կանգնեց-մնաց։

Մեզ մոտ հիսուն մետր էր բաժանում իրարից։ Միգուցէ ավելի քիչ։ Ես հստակ տեսնում էի նրա շնչառությունը, նրա մասնիկների շարժումը ներսում. տեղ-տեղ՝ փաթիլ-փաթիլ, տեղ-տեղ՝ շերտավոր, տեղ-տեղ՝ ասես լարեր քաշած լինեին։ Ու հազար ու մի այլ ձևերի կյանք ու շնչառություն։

Ես քարացել էի։ Մառախուղն էլ կանգնել ու առաջ չէր գալիս։ Կարծես սպասում էր։ Բայց կարծես նաև հետազոտում էր ինձ ու իրեն էր ցույց տալիս։

Չեմ կարծում, որ երկար տևեց այդ պահը. մեկ րոպե՞, թե՞ երկու։ Թէ՞ հինգ վայրկյան։ Բայց գիտես, շատ հնարավոր է, որ այդ ժամանակահատվածում ես անգամ չէի էլ շնչում։ Ու մի բան էի միայն հասկանում, որ ներքին տագնապս ահագնացել է…

Ու մառախուղը գնաց։ Անցավ ծառերից այն կողմ ու պառկեց Սարի վրա։

. . . . . . .

- Հայր…

Լիլիթս ձեռքը զգույշ դրեց աջ ուսիս։ Ես բռնեցի նրա ձեռքը, թեթև քաշեցի դեպի ինձ, ու դուստրս նստեց կողքիս։ Մյուս կողմից կողքս նստեց կինս։

Մենք ոչինչ չասացինք մեկմեկու։ Ուղղակի այդպես երկար նստել էինք միասին ու լուռ նայում էինք մառախուղին։ Հետո կինս ասաց.

- Երևում է, տեսակցությունն ավարտվեց։ Չգնա՞նք։ Ցուրտ է։

Նա ճիշտ էր։ Շաստան հիմնավորապես իր վրա էր քաշել մառախուղի վերմակն ու նրա տակից դուրս գալու մտադրություն այլևս չուներ։

Մենք վեր կացանք։ Իրոք՝ ցուրտ էր։


Հ.Գ. Հավանաբար, քեզ հետաքրքիր է իմանալ, ունեցա՞ն նրանք էլ արդյոք այդ նույն ապրումները։ Ես չգիտեմ։ Մենք այդպես էլ իրար հետ չկիսվեցինք։


8.
1. L.-ի խոսքերից
Հա, ես հենց այս հարցն էի ուզում տալ: Իսկ տագնապդ ինչո՞վ էր պայմանավորված: Նկատի ունեմ... Դու այնտեղ ապահով էիր զգում քեզ, չէ՞:
Հարցը ես այդպես էլ չպարզեցի, և չեմ կարծում, որ երբևիցէ կպարզեմ: Ինձ թվում է, որ այսօր, երբ մարդու զգայարաններն արթնացում են ապրում, երբ մարդ սկսել է արթնանալ նոր, հնից կտրականապես տարբերվող կյանքի համար, - այս շատ կարևոր պրոցեսի մեջ, ավելի լավ է, որ մարդ ինքը գա իր համար որոշ եզրակացությունների, առանց ուրիշի միջամտության, նույնիսկ եթե այդ "ուրիշը" քո հայրն է:
Խոստովանեմ, ընտանիքս քիչ սկեպտիկորեն է նայում իմ կլանվածությանը նյու-էյջական այս գաղափարներով: Եվ դրա մեղավորը ես եմ, քանի որ ամբողջ կյանքումս պնդել եմ, որ գերադասում եմ դիլետանտ լինել շատ հարցերում, քան խորանալ մի հարցի մեջ: Եվ նախկին կյանքս իրոք այդպիսին էր: Էլ ուր ասես, որ քիթս չեմ խոթել. կրոն ու աթեիզմ, յոգա և միստիցիզմ, թեոսոֆիա և անտրոպոսոֆիա, Շոպենհաուեր, Նիցշե, Բլավատսկայա, Շթայներ ու Աստված գիտի, թե էլի ով՝ իր գաղափարներով: Այո, քիթս խոթել եմ, բայց ոչ մի տեղ այդպես էլ չխորացա: Մի անգամ միայն ինձ թվաց, թե ահա՜, գտա՜ վերջապես, Գեորգի Գուրջիեվ: Բայց երբ հասկացա, որ իր փիլիսոփայության մեջ նա կյանքի վերջում մտավորապես բացարձակ մենակ մնաց…
Եվ այդպես ամբողջ կյանքս, մինչև… մինչև ինձ համար հայտնաբերեցի Նյու-Էյջը:
Իսկ գիտե՞ս ինչու: Որովհետև, եթե հիմա վերցնենք ու համարակալենք հենց նոր այս ամբողջ թվարկածս, - վերջում չենք կարող մի հերթական համար էլ դնել ու գրել "Նյու-Էյջ": Քանզի սա արդեն լրիվ ուրիշ է, Լ. ջան: Իսկ թե ինչն է ուրիշ, չկրկնվելու համար քեզ կարող եմ հղել իմ "Նոր Դար, Նոր Էջը…", որտեղ այս մասին ահագին գրված է:
Իսկ Լիլիթս… ես գերադասում եմ, որ նա ինքնուրույն դեն նետի իր սկեպտիցիզմը և հենց ինքը վերակառուցի իր աշխարհայացքը: Ես համոզված եմ, որ շուտով այդպես էլ կլինի, քանզի նա շատ խելացի անձնավորություն է:
Այ, սա է հարցը չպարզելու հիմնական պատճառը:

Իսկ տագնապի մասին…
Եթե կհիշես, "Նոր Դար, Նոր Էջ…"-ում մի տեղ խոսում եմ այն վախի մասին, որն ապրում ես՝ տեղի ունեցածի պատասխանը չունենալու դեպքում: Հիշեցնեմ. նայում եմ բաժակին ու համոզված եմ, որ եթե քիչ ավելի երկար նայեմ՝ բաժակը կկոտրվի: Ու վախից, որ ես չեմ գտնելու բաժակի կոտրվելու պատճառը, - թեքում եմ հայացքս բաժակից: Հիշեցի՞ր:
Այստեղ էլ նույն բանն էր կատարվում: Ես գիտեի, որ մառախուղը՝ ինձ համար է գալիս /և այդ իմաստով, շատ հավանական է նաև, որ կնոջս ու Լիլիթիս համար մառախուղն ուղղակի չկար, - և սա էլ՝ նրանց հետ չկիսվելու ոչ պակաս կարևոր պատճառ է/: Ու շատ լավ հասկանում էի, որ եթե ես հիմա ընդունեմ մառախուղի հրավերն ու մտնեմ նրա մեջ, ուրեմն կկայանա մի բան, ինչից հետո ես չեմ կարողանա այլևս վերադառնալ իմ հին կյանքին:
Այ, հենց դա էր տագնապի պատճառը, որը ես չկարողացա հաղթահարել՝ հին կյանքին վերադառնալու անհնարինությունը: Ոչ ֆիզիկական, իհարկե, հանկարծ սխալ չհասկանաս:

Մեծ Անցման կարևորագույն պայմաններից մեկն այն է, որ մեզ անհրաժեշտ է հրաժարվել որոշ բաներից, որոնք իրենց տեղն են ունեցել մեր երեկվա կյանքում, բայց ուղղակի անհնար են Վաղը՝ Անցումից հետո: Բայց ոչ ոք չի կարող ստիպել քեզ հրաժարվել. միայն դու և… ինքը՝ Անցումը: Պարզեմ: Օրինակ, մեր կյանքի հաջորդ փուլի հետ՝ անհամատեղելի բան է ծխելը: Եվ շատ ավելի հեշտ ու ոչ ցավալի է, եթե ինքդ հասկանում ես դա և ինքդ թողնում ես այն: Եթե չհասկացար, ուրեմն Անցումն ինքը կստիպի քեզ անել այդ, իսկ չէ՞ որ յուրաքանչյուր ստիպողաբար արվող բան շատ ավելի ցավոտ է ստացվում: Ես օրինակ, երկար տարիներ ծխելով օրեկան երկու-երեք տուփ, մոտ յոթ տարի առաջ թողեցի ծխելը մեկ վայրկյանում, երբ հասկացա…
Իսկ այն ակնթարթին, մառախուղի առջև կանգնած, չէ՞ որ ես դեռ պատրաստ չէի /ու չեմ կարծում, թե հիմա էլ՝ լրիվ պատրաստ լինեմ/ այդպես կտրուկ հրաժարվել իմ սովորություններից, իմ ստերեոտիպերից, և հանպատրաստից տրվել վաղվա անհայտությանը: Չէ՞ որ իմ մտքով չէր անցնում անգամ, որ ահա , ես կգամ, կկանգնեմ Շաստայի առջև, և այդպես միանգամից Սարն ինձ այդպիսի կոնտակտի հնարավորություն կտա: Ավելին ասեմ. այս տարի էլ, շատ էի ցանկանում Շաստա գնալ, բայց… չգնացի: Ու հիմա, քեզ գրելուց միայն հասկացա, որ չգնալուս պատճառն այն է, որ դեռ պատրաստ չեմ իմ այն հրաժարականը ստորագրել:
Իսկ Շաստան արդեն գիտեր այդ մասին: Եվ… չստիպեց: Այդ էր պատճառը, որ մառախուղը հետ քաշվեց, ինձ էլ, ինչպես ամեն ինչ մինչև ինձ, իր մեջ առնելու փոխարեն:
Բայց մի բան ինձ Շաստան ցույց տվեց հաստատ. ես արդեն կարող եմ ընտրել:

Հ.Գ. Գիտե՞ս, Լ. ջան, ես միտք չունեի այս ամենը գրել պատմվածքի մեջ, քանի որ շատ անձնական էի համարում: Բայց քո հարցը ցույց տվեց, որ անհրաժեշտ է, որ ընթերցողն էլ տեղյակ լինի դրան: Եվ ստացվեց այնպես, որ իմ մեջ ցանկություն է առաջացել տեղադրել այն ինչպես կա, քո հարցի հետ միասին: Չէ՞ որ վերջիվերջո, այս պատմվածքը ոչ այլ ինչ է, քան իմ մի քանի նամակները՝ քեզ, և ի՞նչն է խանգարում քո հարցն էլ ունենալ նրա էջէրին: Ինձ թույլ տվեցի կարծել, որ դեմ չես լինի: Բայց և այնպես, կսպասեմ պատասխանիդ և դրանից հետո միայն կշարունակեմ պատմությունը, լա՞վ…

9.

Հաջորդ օրը մենք էլ չբարձրացանք Շաստա։ Որոշեցինք պտտվել շրջակայքում, ծանոթանալ տեղանքին, բնությանը։

Այդպես թափառեցինք մի քանի ժամ։ Երբեմն դուրս էինք գալիս մեքենայից, լուսանկարում էինք մեկմեկու՝ անհավատալի գույներով և ձևերով ծառերի ու ծաղիկների կողքին։ Մի լուսանկար ունեմ, արված ճանապարհի շրջադարձին։ Պատկերացրու, երկու բլուրների փեշերը կտրել են, և այդ կտրվածքի միջով ճանապարհն է անցնում, ասես երկու պատերի միջով։ Ճանապարհի շրջադարձի հետ երկու պատերն էլ, թե ներքին և թե արտաքին, կորանում են։ Լուսանկարում պատկերված եմ ես, արտաքին պատի ֆոնի վրա։ Երկու-երեք մետր, իսկ միգուցէ և ավելի, բարձրության պատ է, որի վերևում կանաչին է տալիս ամառային փարթամ անտառը, իր հսկայական ու բազմազան ծառերով։ Կարող ես փակել աչքերդ և հեշտությամբ պատկերացնել կանաչի՝ մտքիդ եկած բոլոր երանգները, - ահա թե ինչ էր այդ անտառը։

Բայց պատը… Եթե ասեմ, որ պատի վրա կգտնեիր ծիածանի բոլոր գույները, երևի չպատկերացնես նրան, քանզի այդ դեպքում ավելի շատ կպատկերացնես մաքուր, մեկը մյուսին չխառնված, շերտ-շերտ իրար հաջորդող անարատ գույներ։ Ավելի լավ է այսպես. պատկերացրու այդ նույն անտառը, իր ծառերի բազմազանությամբ, աշնանը, երբ տերևները սկսում են փոխել իրենց գույները, ամեն ծառը տարբեր ժամանակ, բոլորը՝ տարբեր գույների, մեկը՝ դեղին, մյուսը՝ կարմիր, երրորդը՝ շագանակագույն, մանուշակագույն, եղևնին՝ կանաչ կամ կապույտին տվող։ Մի խոսքով, նկարչի ներկապնակը քեզ օրինակ։ Այո, անտառի աշնանային ապագան էր պատկերված այդ պատի վրա։ Կարո՞ղ ես պատկերացնել։

Գիտե՞ս, այդ բնության մասին կարելի է հատորներ գրել։ Կարելի է թափառել այնտեղ խելակորույս, մինչև կյանքիդ վերջը։ Որովհետև դու այնտեղ մոռանում ես հոգնել, մոռանում ես ուտել։ Եվ խմելու խնդիր էլ չունես անգամ. յուրաքանչյուր առվակից կարող ես խմել, դա խմելու ջուր է։ Այնտեղ դու կորցնում ես ժամանակի զգացողությունը, և այդ էր պատճառը, որ հանկարծ նկատեցինք, որ արդեն երեկոյանում է ու մենք ահռելի քաղցած ենք։

Շտապ հետ վերադարձանք ու մեզ գցեցինք առաջին իսկ պատահած ռեստորանը։


10.

Առավոտյան ուշ արթնացանք։ Հավաքեցինք մեր ունեցվածքն ու բարձեցինք մեքենայի մեջ, քանի որ դա՝ վերջին օրն էր Շաստայում և ժամանակն էր արդեն ուղևորվել դեպի մեր ճամփորդության հաջորդ կետը՝ Թահո լիճը։ Իսկ նախաճաշել որոշեցինք ոչ թե հյուրանոցում, այլ քաղաքում մի տեղ։

Ռեստորանի հարևանությամբ մի գրախանութ տեսա, ուր չմոռացա մտնել նախաճաշից հետո։ Բավական մեծ գրախանութ էր փոքրիկ Շաստա քաղաքի համար, առավել ևս, որ միակը չէր. մեկ ուրիշն էլ, օրինակ, կար հենց դիմացի մայթին, բայց ցավոք, փակ էր, քանզի ես այնտեղ տեսա լուսամուտից և մեծ հաճույքով կգնեի Տոտի արձանիկը…

Մեր մտածը՝ սրճարան-գրախանութ էր։ Հենց մուտքի մոտ մի երկու սեղան էր դրված։ Հետո՝ վաճառասեղանն էր դրամարկղով, և հետո միայն սկսվում էին գրքերի դարակաշարերը։ Չնայած կիրակնօրյա առավոտյան, գրախանութում բավական մարդ կար։
Ես գտա ինձ հետաքրքրող՝ էզոթերիկ գրականության բաժինը։ Ահագին գրականություն կար այդ թեմայով, և Շաստայի մասին գրքերն էլ դրա քիչ մասը չէին կազմում։ Երբեք մտքովս չէր անցել, որ այդքան գիրք կարող է գրված լինել Շաստայի մասին։

Մի խոսքով, ահագին փորփրեցի այդ բաժինը։ Հասկանում ես, սիրելիս, նման թեմայով գրականությունն անգլերեն կարդալն իրոք որ տաժանակիր է ինձ համար. կարդում եմ շատ դանդաղ, ահագին բան չեմ հասկանում… Իսկ տանն՝ արդեն իսկ թարգմանված, բայց դեռ չկարդացած գրքերի այնպիսի քանակություն է կուտակվել…

Բայց մի փոքրիկ գիրք այնուհանդերձ գնեցի. Նորա Վան Վեյլեր, “Հանդիպում Վարպետների հետ՝ Շաստա սարի վրա”։ Այն գիրքը, որի մասին դու ինձ համոզեցիր պատմել և ինչը ես կանեմ, իմ այս պատմությունն ավարտելուց հետո։

Իսկ առայժմ, ընտրելով այդ գիրքը, հերթ կանգնեցի դրամարկղի մոտ։

Դե, ի՞նչ են սովորաբար անում հերթում կանգնած մարդիկ։ Իհարկե, անիմաստ իրենց շուրջն են ուսումնասիրում։ Եվ ես էլ, ինչ խոսք, որ հենց դրանով էի զբաղված որոշ ժամանակ։ Նայում էի լուսամուտից դուրս անցուդարձին, ինչ-որ աննշանակալի բառեր էի փոխանակում կնոջս ու Լիլիթի հետ; երբ հասա այնտեղ, ուր օրացույցներն էին դրված, ընտրեցի նրանցից մեկը, Շաստայի լուսանկարներով և վերցրեցի այն էլ։

Իսկ հետո, ականջիս հասավ ինչ-որ մեկի արտասովոր երաժշտական ձայնը։ Ես շուռ եկա դեպի այդ ձայնը ոչ թե որպեսզի լսեմ, թե ինչ է ասում։ Ուղղակի գլխիս մեջ կարծես մի հարց էր ծնվել ու անմիջապես պատասխան էր պահանջում. ինչպե՞ս է հնարավոր խոսել այնպես, ասես թե երգում ես։

Ու տեսա նրանց…

Հինգ հոգի էին նստած սրճարանի սեղաններից մեկի շուրջ. Երկու կին և երեք տղամարդ։ Արտաքինից հիշեցնում էին անցած դարի վաթսունականների վերջը – յոթանասունականների սկիզբները։ Միգուցէ լսե՞լ ես ծնողներիցդ. հիպպիների ու Ջիմի Հենդրիքսի, Ջանիս Ջոփլինի ու Ռամ Դասսի ժամանակները։ Շատ հնարավոր է, որ հենց այն ժամանակներից էլ լինեին այս հինգը, ըստ իրենց տարիքի։

Բայց ամեն ինչ մի կողմ։ Գիտե՞ս, թե ինչն էր նրանց ձգողականության պատճառը, որ մագնիսի պես գամել էր ինձ ու չէի կարողանում ես հայացքս կտրել նրանցից։

Աչքերը։

Համենայն դեպս, այն երեքինը, ովքեր դեմքով դեպի ինձ էին նստած…

Ծովի մեղմ ալիքների լազուրը գիտե՞ս, արդեն համարյա դեղինին անցնող կանաչը, որի վրա փայլկռտում են արևի ցոլքերն ու ներթափանցում մինչև հատակ։ Պատկերացրու, թե ինչպե՜ս կարելի է նայել այդպիսի աչքերի մեջ և… խորտակվել… հավերժ…

Երկար մազերն ու մորուքն ամպամած եղանակի գույնի տղամարդը զգաց հայացքս, նայեց ինձ ու ժպտաց լուռ. գիտեր, որ խորտակվել եմ։

Ես հիշեցի հյուրանոցի աղջկա խոսքերը. “Դուք կճանաչեք այդ մարդկանց, երբ հանդիպեք”։

Եվ նույն ակնթարթին ականջիս տակ լսեցի Լիլիթի շշնջոցը.

- Հայր, ես էլ ճանաչեցի նրանց…


11.

Ճանապարհվելուց առաջ խանութ մտանք, ճանապարհի համար որոշ ուտելիք-խմելիք վերցնելու։ Խանութի առջև մեծ հրապարակ էր մեքենաների համար, և այդ պատճառով Շաստան լրիվ ազատ էր մեր առջև։ Լիլիթը որոշեց մի քանի լուսանկար էլ անել, իսկ մենք, կնոջս հետ, հենված մեր ավտոմեքենային, հրաժեշտ էինք տալիս Շաստային։

Արևոտ, բայց քամոտ օր էր։ Եվ քամին հեռվից ամպեր էր բերում դեպի Շաստա։ Սովորական ամպեր էին դրանք, բայց այնքան գեղեցիկ մի քարավան կազմած էին գալիս, որ աչք չէր լինում կտրել նրանցից։ Դե, մենք էլ հաճույքով հետևում էինք նրանց շարժմանը, քանի որ ոչ մի կերպ չէինք կարողանում կտրել մեզ Շաստայից ու ճանապարհ ընկնել։ Լիլիթն էլ նկարում էր։

Իսկ ամպերի շքերթը շարունակվում էր։ Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ այդ տեսարանը, որ լավ տեսանելի լինի քեզ, սիրելի Լ.։ Պատկերացրու. մենք կանգնած ենք Շաստայի դեմ-հանդիման, մեջքով հենված մեր մեքենային։ Քամին ամպերը բերում է մեր աջ թիկունքի կողմից։ Քանի որ մեր առջև բաց տարածություն է, մենք կարող ենք հետևել նրանց կիսաշրջանաձև շարժումը դեպի Շաստա բավական հեռվից, ինչն էլ հենց անում ենք մեծ հաճույքով։ Ամպերը գալիս են շարան-շարան, որոշ ժամանակով ծածկում են Շաստան մեզանից, հետո նորից ասես պոկվելով սարից, անցնում են նրա վրայով, իրենց տեղը զիջելով հաջորդներին։

Մեկ էլ կինս գոչեց.

- Այս կողմ նայեք…

Շուռ եկանք դեպի նրա ցույց տված կողմը…

Ամպերի մի խումբ էր հեռվում։ Քանի հեռու էին մեզանից, արտասովոր ինչ-որ բան չկար նրանց մեջ և, հավանաբար, չէին էլ գրավի մեր ուշադրությունը, եթե չլիներ մի տարօրինակ հանգամանք. քամու բերած ամպերը գալիս էին հարավից ու կիսաշրջանով գնում էին դեպի հյուսիս-արևմուտք։ Իսկ այս փոքրիկ խումբը գալիս էր արևմուտքից ու շարժվում էր դեպի արևելք, այսինքն, քամուն լրիվ հակառակ ուղղությամբ…

Պատկերացնո՞ւմ ես։ Եվ կարո՞ղ ես արդյոք ասել, թե ինչպե՞ս ամպերը կարող են շարժվել քամուն հակառակ ուղղությամբ…

Քիչ անց, երբ նրանք ավելի մոտեցան մեզ, սկսեցին առանձնանալ մեկմեկուց ու շարվել մեկ գծի վրա, մեր առջև պարզորեն տեսանք վերևում հիշատակած այն սֆերիկ, շուռ տված ափսեի նմանվող ամպերը։ Քանի՞սն էին նրանք, հի՞նգ, վե՞ց, յո՞թ… Համենայն դեպս, տասնյակից ոչ ավել։ Բայց իրենց ամբողջ ընթացքի ժամնանակ (որքա՞ն տևեց նրանց շարժումը, տասնհինգ րոպե՞, կես ժա՞մ…) այպես էլ չփոխեցին իրենց կոկիկ ուրվագծերը, չնայած այն հանգամանքին, որ՝ հիշեցնում եմ, - շարժվում էին քամուն լրիվ հակառակ ուղղությամբ։

Մինչև այն պահը, երբ նրանք արդեն այնքան էին մոտեցել մեզ, որ բարձրախոսով հանգիստ կարելի էր հաղորդել. “Հաջորդ կանգառը՝ Շաստա”, - քամու բերած ամպերն ամբողջովին ծածկել էին սարը։ Սֆերիկ ամպերի ընթացքն էլ կարծես ավելի դանդաղեց, իսկ հետո նրանք, այդպես դանդաղորեն, իրար հետևից սկսեցին կորչել մեր առջևի ամպերի վարագույրի մեջ։

Եվ ինչն էր հետաքրքիր. Շաստայից այն կողմ արդեն ամպեր չկային և մեր աչքերի առջև համարյա մաքուր երկինքն էր։ Ըստ տրամաբանության, ափսեաձև ամպերը, որոնք առաջինն էին ծածկվել սովորական ամպերի վարագույրի տակ, արդեն պետք է երևային վարագույրի հակառակ կողմից։ Բայց նրանք այդպես էլ չերևացին։ Մնացին Շաստայի վրա։ Եվ Շաստան էլ՝ չերևաց մեզ այլևս։

Լայնեզր գլխարկը գլխին մի մարդ էր անցնում մեր մոտով։ Մի պահ կանգնեց, նայեց մեզ, հետո չերևացող Շաստային, հետո՝ վերջին սֆերիկ ամպերին ու ասաց.

- Yeahh!.. Busy weekend in Shasta…





12.

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ՆՈԼԱ ՎԱՆ ՎԵՅԼԵՐԻ
“ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ՝ ՇԱՍՏԱ ՍԱՐԻ ՎՐԱ”
ԳՐՔԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

1930-ական թվականների սկզբներին, Նոլայի ամուսին Ջերրին տուն՝ Սան Հոզե էր վերադառնում ԱՄՆ արևելյան մասից։ Սալթ Լեյք քաղաքի կայարանում նա հույն հոգևորականի տեսքով մի մարդու է հանդիպում։ Վերջինս ասում է Ջերրիին, որ ուժեղ ձյան պատճառով Ջերրին չի կարող շարունակել իր սովորական ճանապարհը, որն անցնում էր Նևադայով ու մտնում Կալիֆորնիա, և համոզում է գնացքով հասնել մինչև Պորտլենդ, այնտեղից գնալ Շաստա ու հետո՝ Սան Հոզե, ընդամենը մեկ օր ուշացումով։ Կայարանում Ջերրիին հաստատում են հոգևորականի ասածն ու ասում, որ վերջինիս առաջարկած ճանապարհով Ջերրին ընդամենը մի քանի ժամ ուշ տուն կհասնի։

Շաստայի ճանապարհին հոգևորականը սկսում է պատմել Ջերրիին, որ այդ սարն աշխարհի ամենագեղեցիկ սարն է, իսկ սարի փեշերին գտնվող Շաստա քաղաքը մի արտակարգ տեղ է, որտեղ հաճախ անբացատրելի բաներ են տեղի ունենում։ Նա ասում է, որ շատ մարդիկ տարօրինակ լույսեր են տեսնում սարի վրա, և գնացքի ուղևորներն անգամ երբեմն տարօրինակ ու անբացատրելի դեպքերի ականատես են դառնում։

Հոգևորականը պատմում է ոչ շատ վաղուց տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ արտասովոր լույսը պատճառ է հանդիսանում՝ կանխելու գնացքի վթարը։ Ընթացքի ժամանակ այդ լույսը հայտնվում է մեքենավարի աչքերի առջև, սկսում է բոցկլտալ անպիսի ուժով, որ մեքենավարը չի կարողանում տեսնել ոչինչ և ստիպված է լինում կանգնեցնել գնացքը։ Գնացքի կանգնելուց հետո լույսը չքանում է և մեքենավարը սարից պոկված մի հսկայական ապառաժ է տեսնում ռելսերի վրա, գնացքից ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ։ Եթե գնացքը չկանգներ, ճակատագրական բախում էր լինելու ապառաժի հետ և գնացքը դուրս էր գալու ռելսերից։

Ջերրին մի քանի այլ տարօրինակ պատմություններ էլ է լսում իր ուղեկցից, համարելով, որ անհնար է, որ այդ ամենը ճշմարտություն լինի։ Բայց հոգևորականը շշմեցնում է Ջերրիին, ասելով, որ նա սրտի պրոբլեմ ունի, ինչպես նաև ասում է, որ իր ավագ եղբայրը կարող է Ջերրիին բուժել։ Առաջարկում է Ջերրիին կարճ ժամանակով կանգ առնել Շաստայի կայարանում, ասելով, որ այդ դեպքում Ջերրին կտեսնի, որ իրոք օգնություն կստանա։

Ջերրին անորոշության մեջ հասնում է Շաստա, և չգիտի, թե ինչ անի իր ստացած այս անհավատալի տեղեկությունների հետ։ Այդ վիճակում նա առանց վերարկու և գլխարկ, ցրտին դուրս է գալիս գնացքից, մտածելով, որ ցուրտ և մաքուր օդին մի քանի րոպեից խելքի կգա։

Իսկույն մի գեղեցիկ ու մեծ լիմուզին է նկատում կայարանի մոտ, վարորդը կողքին։ Մտածում է, որ լիմուզինը հարուստ ու արժանապատիվ մեկին է պատկանում երևի։ Բայց նորից նրա կողքին է հայտնվում այն հոգևորականն ու առաջարկում է մոտենալ մեքենային։ Վարորդն ասում է, որ հենց իրենց է սպասում հրավիրում է նստել և տանում է նրանց Շաստա քաղաքից մոտ տասնհինգ մղոն հեռավորության վրա, Շաստա սարի հակառակ կողմը գտնվող ՄքՔլոուդ քաղաքը, հասցնելով նրանց մինչև սպասարկման կենտրոն։ Ջերրին զուգարան գնալու ցանկություն է հայտնում, իսկ երբ վերադառնում է, ոչ լիմուզին է գտնում, ոչ վարորդին և ոչ էլ հոգևորականին։ Նրանց փոխարեն նա մի կառապան է տեսնում ձիուն լծված կառքով, ով առաջարկում է Ջերրիին նստել կառք, տեղեկացնելով, որ ճանապարհի հաջորդ մասի համար դա իր միակ տրանսպորտն է լինելու։

Մի խոսքով, իր նոր ուղեկցի հետ մի ութ մղոն էլ կառքով է գնում, հետո նրան շատ համեղ կերակրում են ինչ-որ տանը, հետո համոզում են, որ մի քանի ժամ քնի-հանգստանա։ Իսկ հետո ասում են, որ եկել է ժամը՝ հանդիպելու ավագ եղբոր հետ։ Անտառի մի արահետով բարձրանում են սարն ի վեր, մինչև մի բացատի են հասնում, որը, իրեն շրջապատող ծառերի հետ միասին, լուսնի շողերի տակ փայլփլում է այնպես, ասես թե հեքիաթային քաղաք լինի։

Երեք մեծ ծառերի տակ Ջերրին մի մարդու է տեսնում, որի շուրջ ամեն ինչ փայլփլում է այնպես, կարծես նա աստված լինի։ Վերջինս ասում է Ջերրիին.

- Մոտեցիր ինձ, որդիս, երկրի զավակ։ Քո միտքը մաքուր է, և այդ պատճառով Աստված ցանկանում է քեզ օգնել։ Քո սիրտն էլ չի անհանգստացնի քեզ, քանզի այն ապաքինված է այնքան, որքան անհրաժեշտ է քո ֆիզիկական մարմնին համապատասխանելու համար, և չի խանգարի քեզ կատարյալ լինել քո տեսակի մեջ։ Մենք խնդրում ենք քեզ տուն գնալ և վերադառնալ այս սարը քո կնոջ հետ ու մնալ այստեղ այս տարվա հունիս ամսին և մենք կուսուցանենք ձեզ։ Ոչ մի կախարդանք չկա այս սարի վրա, բայց շատ ճշմարտություններ դուք կգտնեք և կճանաչեք։ Պատրաստ եղեք շոգ եղանակի։

Մոտ մեկ օր է տևում Ջերրիի այս ճամփորդությունը դեպի սարն ու վերադարձը կայարան։ Բայց ինչպիսի՜ն է լինում նրա զարմանքը, երբ, հասնելով կայարան, նա տեսնում է իրեն սպասող գնացքը և հայտնաբերում է, որ իր գնացքից դուրս գալուց հետո ընդամենը քսան րոպե է անցել։ Նրա իրերն ամենն իրենց տեղում էին, բացակայում էր միայն Ջերրիի ուղեկից հոգևորականը…

Վերջին անակնկալը Ջերրին ստանում է Սան Հոզեի կայարանում, երբ իջնում է գնացքից ու տեսնում է, որ կինն իրեն դիմավորելու է եկել։ Ջերրիի հարցին, թե որտեղի՞ց նա իմացավ, որ Ջերրին փոխել է իր երթուղին, Նոլան ցույց է տալիս ամուսնուն իր իսկ ուղարկած հեռագիրը։

Արագ տեմպերով նրանք ավարտում են իրենց նախապատրաստությունները, և 1930 թ. մայիսի 27-ին դուրս են գալիս Սան Հոզեից։ Այդ ճամփորդության ժամանակ նրանց ուղեկցում է Ջերրիի ազգական Բիլլն իր ընտանիքով, և բոլորը միասին գնում են ՄքՔլոուդ, որտեղ Ջերրին ապաքինել էր իր սիրտը։ Ճամփորդները վրան են խփում և սկսում են ապրել վրանի մեջ և ուսումնասիրել Շաստա սարն իր շրջակայքով։

Հունիսի հինգին, իրենց զբոսանքներից մեկի ժամանակ, նրանք հանդիպակաց կողերով, մոտ երկու մետր բարձրության մի մեծ քար են գտնում։ Մեկմեկու օգնելով, բարձրանում են քարի վրա ու նստում են այնտեղ մոտ կես ժամ, զրուցելով իրենց ճամփորդության մասին։ Երբ պատրաստվում են իջնել քարից, Ջերրին ասում է, որ հարկավոր է շնորհակալություն հայտնել Մեր Երկնային Հորը՝ այդ գեղատեսիլ վայրում գտնվելու համար, Ջերրիի առողջանալու համար։ Բոլորը ձեռք-ձեռքի բռնած, շրջան են կազմում, և երբ Ջերրին ավարտում է իր աղոթքը, ասում են “Ամեն”։

Այն ակնթարթին, երբ նրանք ավարտում են աղոթքը, քարն սկսում է ցնցվել, ասես երկրաշարժից։ Եվ նրանք մի հզոր ձայն են լսում, որն ասում է.

“Երկրի Զավակներ Սիրելի։ Մենք հրավիրել ենք ձեզ այստեղ, որպեսզի սովորեցնենք ձեզ հոգեպես և ճշմարտացիորեն օգտագործել ձեր բոլորին շնորհված օրենքները։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Ինչպես նաև չկա յուրահատուկ ուժով օժտված որևէ մեկը։ Եվ ընտրյալ մեկն էլ չկա, եթե միայն չհաշվենք, որ մենք ընտրել ենք, ասել ձեզ ճշմարտության և լույսի մասին։ Դուք տվեք ձեր օրերը հանգստին և, եթե կընտրեք գտնել ժամանակ՝ սովորելու համար, մենք կուղարկենք ձեզ մեկին, ով կսովորեցնի ձեզ, թե ինչպես ծառայել մերձավորին։

“Մեզ ոչինչ պետք չէ ձեզանից, չենք դնում պարտականություններ ձեր վրա, մեզ պետք չեն ձեր երդումներն ու խոստումները։ Մենք առաջարկում ենք ձեզ կարճ ժամանակով համատեղել ձեր կյանքն այս ծրագրի հետ, սովորելու համար, թե ինչպես սկսել մտածել այլ կերպ, այնպես, որ դուք տեսնեք իրերն ավելի պարզ և ավելի հասկանալի։ Աստծո օրենքներն այսօր գործում են երկրի վրա ճիշտ այնպես, ինչպես նրանք գործում էին այն ժամանակներում, երբ Հիսուս Քրիստոս էր քայլում այս երկրի վրա։ Ես Տիբեթից եմ, իմ անունն է Փիլոս։ Բայց իմ անունը Զալիմ էր, երբ ես ատլանտիդացի էի։ Ես Մելքիսեդեքի Դասի Սպիտակ Եղբայրության բարձր հոգևորական եմ։ Իմ ձայնը ձեզ է հասնում Շաստա Սարի Տաճարից։ Եթե դուք գաք մեզ հետ հանդիպման Երեք Մեծ Ծառերի մոտ, մենք կուսուցանենք ձեզ այնտեղ։”

Լռակյաց և ցնցված մեր ճամփորդները հետ են վերադառնում։ Լուռ ընթրում են խարույկի շուրջ։ Հանկարծ նկատում են իրենցից ոչ հեռու քսանութ եղնիկ, որոնք բոլորը իրենց էին նայում, իրենց կրակից փայլկտող աչքերով։ Այդ նույն ժամակ նրանց ականջին է հասնում հիասքանչ մի երգչախմբի ձայն, որն աստիճանաբար մոտենում է իրենց։ Միաժամանակ նրանք իրենց մոտեցող ինչ-որ էակներ են նշմարում, որոնք բազմաթիվ էին, և անհնար էր նրանց հաշվել։ Հիմնականում նրանք երկնագույն և գորշ հագուստներով էին, իսկ գլխավորում էին այդ շքերթը սպիտակ հագուստներով տասներկու հոգի։

Էությունների այս խումբը կանգ է առնում մեր ճամփորդների առջև և տասերկուսը սկսում են խոսել նրանց հետ ու պատմում են Շաստա սարի Տաճարի մասին։ Ասում են, որ արդեն շատերն են եղել այնտեղ, և որ մեր ճամփորդներն էլ կարող են պատրաստ լինել այնտեղ մտնելու։ Ինչպես նաև ասում են, որ ուսուցման հետ միասին նրանք հնարավորություն կստանան գոյատևել և երրորդ, և չորրորդ տարածքներում՝ թե մտքով և թե մարմնապես։ Ամենը, ինչ պահանջվում է դրա համար, սկսել մտածել սովորականից քիչ ավելի բարձր մակարդակի վրա։ Իսկ հետագա ցուցմունքների համար հարկավոր է հունիսի յոթին գնալ Երեք Մեծ Ծառերի մոտ։

Խոսակցությունը տևում է մոտ տաս րոպե, որից հետո նրանց խնդրում են քիչ հեռանալ խարույկից։ Խնդրում են խորհել տեսածի ու լսածի մասին։ Հետո խարույկը ծիածանի տեսք է ստանում և ուժգնանում է։ Քիչ անց, երբ խարույկն իր նախկին տեսքն է ստանում, բոլոր էակները, ինչպես նաև եղնիկները, անհետացած են լինում։

Այդ դեպքից հետո նրանք հանդիպում են Վարպետների հետ, այն նույն տեղում, որտեղ Ջերրին բուժվել էր սրտի իր պրոբլեմներից։
- - - - - - - - - -

Սա՝ գրքի նախաբանի իմ կիսատ-պռատ թարգմանությունն է։ Հիշեցնեմ, գիրքը գրել է Ջերրիի կինը, Նոլա Վան Վեյլերը, որը Վարպետների հետ հանդիպումից հետո դառնում է նրանց հաղորդատուն (չեննելեր)։

Ես տեղյակ չեմ, հրատարակվա՞ծ է արդյոք այս գիրքը ռուսերեն։ Բայց, եթե քեզ հետաքրքիր է թեման, կարող եմ տեղեկացնել երկու գրքի մասին, որոնցից մեկն ինքս ունեմ, իսկ երկրորդը ծանոթս ունի։ Առաջինը, արդեն հիշատակածս Աուրելիա Լուիզա Ջոունսի “Թելոս” երեքհատորյակն է, իսկ երկրորդ, մեկ հատորանոց նույնանուն գրքի հեղինակն է Դայանա Ռոբբինսը։

- - - - - - - -

Այսքանը, սիրելի Լ.։ Մնացածը՝ քո ընտրությունն է և քո դատը։ Իհարկե, կարող ես ինձ ցանցառ հեքիաթասաց համարել, ու պատմություններս էլ՝ լավագույն դեպքում երազումս տեսած ցնդաբանություններ։ Դա քո ընտրությունն է։
Բայց կարող ես ընտրել նաև այն, ինչ ես առաջարկեցի քեզ այսօրվա իմ պատասխանում քո հարցին, ինչով էլ հենց թույլ տուր ավարտել իմ այս երկար պատմությունը Շաստա Սարի մասին։

1. L-ի խոսքերից
Հետաքրքիր պատմություն էր շատ... Տեսնես հրաշքներ կատարվում են միայն նրանց հետ, ովքեր հավատո՞ւմ են հրաշքների, թե՞... :)
Նրանց համար, ովքեր հավատում են հրաշքների, - հրաշքները, Լ. ջան, դադարում են հրաշք լինել. նրանք դառնում են իրականություն: Իմ "Նոր Դար, Նոր Էջը…" քեզ վկա:
Այսինքն, հենց մեր կյանքը ինքն է դառնում հրաշք, հասկանո՞ւմ ես:
Եվ հենց դա էլ առաջարկում եմ ես քեզ, սիրելիս. դարձրու կյանքդ հրաշք:
Դրանում դժվար ոչինչ չկա: Բավական է առաջին մի երկու հրաշքին տեղ տաս քո կյանքում, և հրաշքներն արդեն սկսում են առօրեականություն դառնալ, հավատա…


07.27.2012

Friday, January 25, 2013

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵՑԻ ՍԱՐՔԵԼ “ՄԱՏԵԱՆ ԵՐԱՆՈՒԹՅԱՆ” ԳԻՐՔԸ - 2


(շարունակություն)


Ճ Ա Ն Ճ Ը

Որոշեցինք նավարկություն կատարել դեպի Մեքսիկա. ես, կինս, դուստրս: Եվ, քանի որ նավի վրա նավախցիկները երկտեղանոց են, ընկերոջս՝ Աշոտին, առաջարկեցինք միանալ մեզ: Հաճույքով համաձայնվեց, և ընկերացավ ինձ՝ իմ նավասենյակում:

Շատ հաճելի շաբաթ անց կացրինք միասին: Ինչ խոսք, որ մինչ այդ էլ՝ Աշոտն արդեն ճանաչում էր թե կնոջս և թե աղջկաս: Բայց ճամփորդության ընթացքում նրանք շատ ավելի մտերմացան:

Մի երեկո, երբ Աշոտի հետ արդեն մենակ էինք մեր նավասենյակում ու շուտով պատրաստվում էինք քնել, սովորականի պես կիսվում էինք օրվա տպավորություններով: Աշոտը խոստովանեց, որ չէր պատկերացնում անգամ, թե այդքան մեծ ուրախություն կպատճառի իրեն մեր առաջարկած ճամփորդությունը և, առավել ևս, որ իրեն այդքան հաճելի կլինի ճամփորդել ընտանիքիս հետ միասին: Սկսեցինք խոսել աղջկաս մասին, կնոջս մասին:

Արդեն չեմ հիշում հիմա, թե ի՞նչն էր պատճառը, բայց ես ասացի, որ կենդանիներն ինչ-որ առանձնահատուկ վերաբերմունք ունեն կնոջս հանդեպ: Այնպիսի տպավորություն է, թե իրենցից մեկն են համարում և, ստացվում է, որ բոլորովին մարդու տեղ չեն դնում նրան:

Պատմեցի Աշոտին մի դեպք, որ պատահել էր մեզ հետ Բարսելոնայում, մի քանի տարի առաջ Եվրոպայում շրջագայության ժամանակ:

Հռչակավոր՝ Սուրբ Ընտանիքի տաճարի դիմաց, բացօթյա սրճարանում նստած սուրճ ենք խմում և հերթական անգամ հիանում ենք Գաուդիի անկրկնելի ճարտարապետությամբ: Կինս մեկնել է հոգնած ոտքերը սեղանի տակ՝ հանգստանալու: Եվ հանկարծ, մեր շուրջը՝ գետնի վրա կեր փնտրող աղավնիներից մեկը, իր ճանապարհին հանդիպելով կնոջս ոտքերին, երևի ալարեց շրջանցել նրանք, այլ ուղղակի բարձրացավ կնոջս ոտքերին ու քայլելով անցավ նրանց վրայով:

Աշոտը ծիծաղեց, բայց, կարծես թե այնքան էլ չհավատաց պատմածիս: Ասածս հաստատելու համար, ես ասացի նրան.

- Աշոտ, - ասացի: - Ի՞նչ ես կարծում, ի՞նչն է նավի վրա անհավանական:

Աշոտը հարցական նայեց ինձ:

- Ճանճը, - շարունակեցի ես: - Նախ, որ ափից ենք շատ հեռու: Եվ երկրորդ, այնքան խիստ են սանիտարական պայմաններն այստեղ՝ նավի վրա, որ ճանճերը համարյա բացառված են: Բայց եթե հանկարծ, - ասացի,- տեսնես մեկ ճանճ այս նավի վրա՝ դու կտեսնես այդ ճանճին… կնոջիցս ոչ հեռու:

Հաջորդ օրն առավոտյան նախաճաշեցինք, ու նստել ենք նավի վերին հարկում, որտեղ բացօթյա ջրավազանն է: Նստել ենք ապակե պատի մոտ, զմայլվում ենք Խաղաղ օվկիանոսով: Երեքով ենք, Աշոտը չկա՝ ինչ-որ տեղ է գնացել:

Որոշ ժամանակ անց վերադարձավ: Մոտեցավ, կանգնել է կողքիս:

Ու մեկ էլ հանկարծ հրում է ինձ.

- Սամ, Սամ, նայիր, - ու հայացքով ցույց է տալիս դեպի կինս:

Նայում եմ:

Ապակե պատի վրա, կնոջս գլխի վերևում, մի ճանճ էր սողում:


* * *

Հարցն այն չէ, կա՞ր արդյոք ճանճ նավի վրա թե ոչ, կամ կայի՞ն արդյոք ուրիշ ճանճեր էլ այնտեղ: Չնայած, չեմ կարծում, թե կային, որովհետև հաջորդ օրերը մենք այդպես էլ ուրիշ ոչ մի ճանճ չտեսանք, թեև փնտրում էինք:

Ինձ համար ամենակարևորը հետևյալն էր: Իմ համոզմունքը, իմ բացարձակ վստահությունն ասածիս վրա, չէր կարող փաստացի չընդգծվել որևէ կերպ: Եվ հենց այդ էր ճանճի հայտնվելու պատճառը: Ինչը շատ կարևոր էր ինձ համար, քանզի այն քաջալերեց ինձ ու իմ վստահությունը:



* * *

Դե ինչ, համարյա թե ամեն ինչ ասացի, ինչ որ հիշում եմ ամենից, ինչ պատահել էր ինձ հետ, մինչև Ուգոյին հանդիպելը: Ընդամենը մի դեպք է մնացել չպատմված, և այն ես թողել եմ վերջի համար: Որովհետև այն՝ ամենազարմանալի պատմությունն է, որը տեղի է ունեցել ինձ հետ:

Բայց, մինչև պատմություններս ավարտելը, ցանկություն ունեմ խոսելու մեկ բանի մասին էլ, ինչը նմանապես կարևոր է ինձ համար: Եվ ինչը ես համարում եմ իմ կյանքում տեղի ունեցած վերափոխությունների բաղկացուցիչ մասը:

Երկար մտածեցի, թե ինչպե՞ս անվանել այդ և վերջիվերջո հանգեցի սրան. ինտուիտիվ պատասխաններ:

Այո, հենց պատասխաններ, որովհետև հարցերը հիմնականում ծնվում են սովորականի պես, ինչպես եղել է միշտ և լինում է բոլորի հետ, երբ կենտրոնանում ես ինչ-որ մտքի շուրջ: Բայց ստացվել է այնպես, որ պատասխանները՝ վերջին ժամանակներս, - սկսել են երբեմն գալ ինչ-որ անգիտակցորեն:

Առաջին անգամ ես ուշադրություն դարձրեցի դրա վրա, երբ համացանցում, ինչ-որ մի ֆորումի մեջ, պատասխանում էի ինչ-որ մեկի հարցին: Վերընթերցելով գրածս, ես զարմացա իմ պատասխանից, որովհետև հասկացա, որ այն, ինչ ես գրել եմ, դրա գիտելիքները չունեմ, իմ ինֆորմացիան բավարար չէր նման պատասխան գրելու համար:

Այն առաջին անգամը ես ջնջեցի գրածս՝ վախից: Հետո՝ էլի ինչ-որ անգամներ: Մինչև զգացի, որ այդ մտքերը որոշ ժամանակ հետո հասկանալի են դառնում և, որպես օրենք, ստացվում է, որ նրանք ճիշտ էին: Աստիճանաբար ես սկսեցի վստահել նրանց: Եվ մինչև այսօր այդ ինտուիտիվ պատասխաններն ինձ երբեք չեն խաբել. գոնե մեկ անգամ թույլ չեն տվել, որ ես ափսոսեմ, որ հավատացել ու վստահել եմ նրանց:

Բայց այդ վախը… Մեր ամբողջ կյանքի ուղեկիցն է այդ վախը, ծնված և կերակրված մեր սովորույթներից, մեր գիտելիքներից, այն ամենից, ինչ մեզ տալիս է մեր կենցաղը, մեր շրջապատը, մեր ընտանիքը:

Մեր դաստիարակությունը, մեր ձեռք բերովի գիտելիքները, ինչի՞ են վերջիվերջո մեզ բերում նրանք: Իհարկե, մենք բոլորս էլ գերազանց գիտենք այդ. մեր Էգոյի ձևավորմանը:

Իսկ չէ՞ որ մեզ բոլորիս սովորեցրել են, որ Էգոն՝ մեր ամենակարևոր մասն է մեզ համար, որ դա հենց մենք ենք, որ կանք, ճի՞շտ է:

Ի միջի այլոց, ես այդպես էլ չկարողացա գտնել այդ բառի հայերեն թարգմանությունը: Ո՞վ կարող է հուշել, ի՞նչ է նշանակում այն. Անձնականությու՞ն…

(Ասեմ, որ սա էլ՝ ինտուիտիվ պատասխանների շարքից է. “անձնականություն” բառը հենց նոր շրխկաց գլխիս մեջ):

Ահա, թե ինչ… Ահա, թե որտեղ է թաքնվել ամենակարևորը: Այդ Էգոն, այդ Անձնականությունը (հենց նոր զանգահարեցի Արթուրին, նա ասաց. Ինքնություն; Կարինեն ասաց. Ես: Որոշեցի վստահել իմ՝ “անձնականությանը”), այն է, ինչը մեզ բաժանում է մեր Իրական Էությունից, մեր իրական Ես-ից: Էգոն սահմանափակում է մեր անսահման Հոգուն մեր փոքրիկ ֆիզիկական մարմնի մեջ և ստիպում է մեր մտքին գիտակցել այդ չնչին մարմինը որպես կենտրոնը, պորտը աշխարհի…

Ահա թե ինչու. ինձանից է սկսվում ամեն ինչ և ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ…

Իհարկե, չէ՞ որ իմ Էգոն, իմ Անձնականությունը, ամբողջապես կտրել է ինձ Իմ Ամբողջականությունից… Իմ Աստվածայնությունից…

Եվ երբ, ժամանակ առ ժամանակ, ավելի ու ավելի հազվադեպ՝ մեր հասունանալու պրոցեսի հետ միասին, մեր Իրական Էությունը, մեր Ամբողջականությունը, Աստվածայնությունը, փորձում է կյանքի նշաններ ցուցաբերել, փորձում է ինչ-որ բաներ հուշել մեզ, - ինչո՞վ ենք մենք պատասխանում նրան… Իհարկե՝ վախով: Եվ, ելնելով վախից, հերքում ենք ամենն, ինչ մեր Էգոն ստիպել է մեզ մոռանալ հասկանալ:

Շատ լավ հիշում եմ պատանեկան տարիներիս վախը: Երբեմն, և այդ կարող էր պատահել ամենատարբեր իրավիճակներում. ասենք, դաս եմ սովորում, կամ գրում եմ, կարդում եմ, երաժշտություն եմ լսում, կամ ուղղակի հավաքված ենք ընկերներով ինչ-որ տեղ, - կապ չունի: Համոզված եմ, որ բոլորին էլ ծանոթ է այն վիճակը, երբ մի ակնթարթ կարծես թե անէանում ես, կարծես թե կաս, բայց՝ չկաս, կտրվել ես շրջապատից, աշխարհից: Հա, ասում են. աչքերդ սառել են…

Այո, այո, սառել են: Մեկ էլ զգում էի, որ աչքերս սառել են ինչ-որ բանի վրա: Ավելի ճիշտ կլինի ասել. ոչ թե սառել են, այլ կենտրոնացել են ինչ-որ բանի վրա: Եվ գիտակցելով այդ, ես սկսում էի զգալ, որ այն, ինչի վրա կենտրոնացել է հայացքս, - թող լինի առջևս դրած ջրի բաժակ, կամ գնդակ, որ մեկը բակում խաղում է, կամ պատից կախված ժամացույց, կապ չունի, թե ինչ, - բայց հաջորդ ակնթարթին, եթե ես չդադարեմ նայել դրան, - բաժակը՝ կկոտրվի, գնդակը՝ կպայթի, ժամացույցը՝ կընկնի պատից…

Բացարձակ հավատ: Ավելի ճիշտ, այդ զգացմունքն այնքան է իրականանում քեզ համար, որ անցնում է արդեն հավատի սահմանը: Դա արդեն հավատ չի, դա՝ գիտելիք է:

(Եթե ես ձեռքս պահել եմ քեզանից սեղանի տակ ու ասում եմ, որ ձեռքիս խնձոր ունեմ բռնած քեզ համար, դու կարող ես հավատալ ինձ կամ ոչ, ճի՞շտ է: Բայց եթե ես ձեռքումս բռնած խնձորը մեկնել եմ քեզ և դու տեսնում ես այն քո աչքերի առջև, արդյո՞ք քեզ պետք է հավատալ, թե ձեռքումս խնձոր կա: Հավա՞տ է դա, թե՞ արդեն՝ գիտելիք…)

Իսկ այդ գիտելիքին միշտ հաջորդում էր… վախը: Վախը, որ եթե իրոք, բաժակը կոտրվի, կամ ժամացույցն ընկնի, - ի՞նչ պատասխան եմ ես դրան տալու. ինչու՞, ինչպե՞ս այդ տեղի ունեցավ… Ի՞նչն է դրա պատճառը… Չէ՞ որ ես չգիտեմ դրա պատասխանը… Ես մոռացել եմ պատասխանը:

Ահա, թե ինչ ասել է Էգո և՝ նրա վախը:

Լավ, վերադառնանք ինտուիտիվ պատասխաններին. Խոսակցությունը նրանցից սկսվեց:

Մինչև այսօր էլ նրանք պատահում են իմ կյանքում, տարբեր առումներով, տարբեր պարագաներում: Ինչպես նաև ծնվեցին մի քանի ինտուիտիվ գրված բանաստեղծություններ, որոնց ծագումն այդպես էլ անհասկանալի մնաց ինձ համար: Ցանկություն ունեմ ներկայացնելու նրանք այստեղ, քանի որ ինձ թվում է, որ նրանք ամբողջովին այս թեմայի մեջ են և առանց նրա ուղղակի չէին լինի: Եվ հետո, առանց այդ իմ գործերի, արդեն ես էլ երևի ես չլինեի:

Առաջինը ստացվեց, երբ ես փորձեցի թարգմանել Բորիս Գրեբենշչիկովի մի երգը. “Խնձորների Հայրը”: Երկրորդը ստացվեց Էրիկ Տրուֆազի մի երգը լսելուց, որտեղ հետևյալ բառերը կային, “Եթե Աստված, դա նա է, ումից դու վախենում ես…” Իսկ երրորդը գրված է տարիներ առաջ ու ես արդեն չեմ էլ հիշում, թե ինչպես: Միգուցե նորից, Գրեբենշչիկովից ազդվա՞ծ…Միգուցե:


1. ԽՆՁՈՐՆԵՐԻ ՀՈՐ ՄԻՏՔԸ


Այն խնձորների Հայրը բևեռել է հայացքը
Իր Երկնային Այգուն.
Տարօրինակ հայացք է
Երկնային Հոր հայացքը:
Այն խնձորների Հորը լսելի է նույնիսկ
արմատների լուռ շարժումը երազում,
Եվ նաև ձմռան շարժումը
դեպի գարուն:

Բ.Գրեբենշչիկով - "Խնձորների հայրը"

1

Եվ Նրա սերը սահման չունի:
Սահման չունի մեր Երկնային Հոր սերը:
Եվ նայում է Նա Իր սիրով անսահման
Իր Այգու խնձորենուն և Այգուն Եդեմական:


Այն խնձորների Հայրը ձայն է լսում Այգում,
հարազատ մի ձայն.
Նշանակում է,
բոլորն այստեղ են:
Այն խնձորների Հայրը բոլորին խնդրում է
զբաղեցնել իրենց տեղերը
Իրենց տարիքի
և պաշտոնի համաձայն:


Այստեղ են. Ադամ Առաջինը,
Ադամ Միակը, Ադամ Աստվածածինը,
Այսինքն, Ադամից բացի
առայժմ դեռ ոչ ոք չկա, որ լինի ներկա:
Ադամ Առաջինն ասում է
Ադամ Միակին և Ադամ Աստվածածնին,
Որ խնձորների Հայրն իրեն մի բան ասաց,
բայց ինքը ոչինչ չհասկացավ:



Այն խնձորների Հայրը,
անսահման սիրով լիքը լցված
և ժպտամիտ նայում է
Իր Աստվածածին, միակ
և առաջնեկ Ադամ որդու վրա.
Ի՜նչ հիասքանչ որդի է նա
և որքա՜ն հարազատ:

Բայց միայնակ է որդին,
Ադամն այդ հիասքանչ,
Աստվածն այդ մարմնացած:
Ջահելն այդ, Ադամ - էությունը
դեռ չի զգում
իր ամբողջականությունը,
Եվ հարկ է, որ նա
սովորի, ճանաչի և հասկանա:


Հիմա էլ, տես, ինչպես,
կանգնել Դրախտի մեջ,
առանձնացրել է իրեն Եդեմական Այգուց,
Կարծում է, թե հյուր է այստեղ,
այս Այգում Եդեմական;
Աստված նայում է ժպտամիտ
որդուն իր անդրանիկ.
Հայրը նայում է որդուն
Եվ չի կարող տարբերել
որդուն Հորից՝ Աստծոց:

Բայց միայնակ է որդին,
սիրելի Ադամը,
Եվ ամբողջ այս
երջանկության ծանրությունը
չի կարող իր ուսերին տանել:
Մի օգնական է հարկավոր
Հոր սիրելի, միակ որդուն,
Որ օգնի հասկանալ
Հոր միտքը առաջին,
Որ Հոր տված անսահման
երջանկությունը
հանձն առնի Ադամի հետ բաժանել:

2.

Երկա՜ր-երկա՜ր ճամփա անցավ
այն միտքը ծնված,
քանի դեռ կհասկանար,
Որ հարկ է բարձրացնել
կնոջ այդ նոր ծնված
թարթիչները երկա՜ր-երկա՜ր:


Հեզության ակունքը
իրենց մեջ խորտակած
աչքերն այդ անծայրածիր,
Հավերժական սիրո
մարտկոցները երկու -
ջերմության աղբյուրները


Ընդգրկեցին իրենց
հոգու անհատակության մեջ,
մտքի անեզրության մեջ
Իրենց արտասովոր,
կերտող և շինարար այդ Հոր
անսահման սերը:


Հետո թեքվեց
հայացքն այդ իմաստնացած
դեպի Հորից իրեն տրված ընկերը,
Որը քնած էր դեռ,
այդ վիրահատությունից հոգնած -
կորցրած իր մի զույգ կողոսկրները:


Տեսավ ու զմայլվեց,
տեսավ և հիացավ:
Գետնից պոկեց իր նազելի իրանը,
Հենված ձախ արմունկին,
Երկա՜ր – երկա՜ր նայեց,
թե ինչպես է արթնանում Ադամը:



3.

Կնոջ երկար մազերը կախվեցին
քնած Ադամի դեմքի վրա
Եվ անզգուշորեն խառնվեցին
գոցված կոպերի հանգստությանը:
Եվ թավշե կուրծքն էլ ծանրացավ
քնած Ադամի սրտի վրա`
Սրտի զարկերին ուժ տալով այնքան,
որ քնած Ադամը - արթնացավ:

Եվ բացեց Ադամն իր աչքերը`
այդ անծանոթ հպումից առաջացած
մի ինչ-որ նոր զգացումից վախեցած:
Եվ առաջին բանը, դա երկար
և շիկահեր մազերի ալիքներն էին,
որ տեսան աչքերն այդ զարմացած:

ՈՒ կառչելով այդ շիկահեր ալիքներից,
հևիհև վեր մագլցեց Ադամի հայացքը -
Տեսնելու, թե ու՞ր են տանելու իրեն
ալիքներն այդ հրաշք, -
ՈՒ հանկարծ մի անեզր ծով տեսավ
իր վրա խոնարհված կնոջ աչքերի մեջ,
Եվ այդ անհատակ ծովի մեջ
չխորտակվել չկարողացավ:


4.

- Ո՞վ ես դու, - երկյուղով հարցրեց Ադամը:
Ասաց խոսքերն այս ու... կարծես թե քարացավ:
Չէ՞ որ սա առաջին անգամն էր, որ խոսեց Ադամը,
նա խոսեց ու ձայնից իր վախեցավ:

Իսկ քիչ անց այդ վախը վերածվեց
հետաքրքրության, և Ադամը շշմած
Կրկնեց նույն հարցը. "Ո՞վ ես դու",..
հիմա ասես թե ինքն իրեն, զարմացած:

Բայց միայն Ադամը չէր Այգում Եդեմական,
որ վախեցել էր իր ձայնից, -
Ադամի վրա խոնարհված կինն էլ գոչեց "Ա՜-ա՜-ա՜..."
և վախեցած հետ քաշվեց Ադամից:
Եվ այդ "Ա"-ն արտահայտված`
աստվածային հոգու ձայնն էր,
Որ, առաջին անգամ լսված, -
ընդգրկեց Այգին և ամբողջ Տիեզերքը:

Հայր -Աստվածն այն խնձորների
և այս նորաստեղծ մարդկանց,
Գոհացավ առաջին շփումից
Իր երկու առաջնեկ զավակների.
Մտադրությունն Իր խորամանկ`
Ֆի-զի-կա-կա-նա-ցրած
Մի գալար սարքեց ու փաթաթեց
այն խնձորենու բնին:

Քնաթաթախ Ադամը վեր կացավ
ու նստեց իր դեմ նստած կնոջ դիմաց:
Երկա՜ր –երկա՜ր նայեց նրան ու չը-ձանձրացավ:
Երկա՜ր նայեց ու այդպես էլ մնաց հմայված:
Եվ այստեղ մեր Հայրը օրենսդրեց,
որպեսզի հետաքրքրությունը միշտ հաղթի վախին:
Եվ Ադամն իր հարցն ուզած-չուզած կրկնեց,
զգուշորեն դիպչելով կնոջ ուսին:

- Ես Ադամն եմ, - նա ասաց:
- Իսկ դու՞... Ո՞վ ես դու:-
Եվ կինն այդ երկրորդ անգամ "Ա՜ -ա՜-ա՜" ճչաց,
վախեցած հպումից Աստծո որդու:

Երկրորդ "Ա"-ն` դա միտքն էր Հայր Աստծո,
որ կնոջ մեղրահոս շուրթերից դուրս պրծավ:
Եվ Այգին ու Տիեզերքը լցվեցին մտքով,
և Աստծո արարումն ամբողջ իմաստնացավ:
Իսկ Աստված գոհ մնաց Իր մտքից,
հիացավ ծրագրով Իր նորաստեղծ,
Եվ մարմնացրած Իր երկրորդ գալարն էլ
խնձորենու բնին փաթաթեց:

Այն երկուսը դեռ զննում էին իրար,
դեռ փորձում էին իրար ճանաչել:
Երբ կնոջ առաջին վախն անցավ,
ձեռք տվեց Ադամին նա զգուշորեն:
Ձեռք տվեց Ադամի մազերին,
այտերով զգուշորեն իջավ ցած:
Երբ հասավ այր-մարդու կրծքերին`
կրծքերին իր նայեց զարմացած:


Եվ Ադամն էլ կնոջ հետ միասին
սովորում էր իր մարմինը գիտակցել:
ՈՒ երբ կնոջ մատներն ավելի ցած սահեցին`
երկյուղած այդ հպումից` նա "Ա՜-ա՜-ա՜" գոչեց:

Եվ այդ "Ա"-ն ծնունդ տվեց զգացմունքին,
և Աստծո արարումն արթնացավ:
Եռյակով այս. զգացմունքի, հոգու, մտքի,
արարումն այդ ամբողջականացավ:
Եվ Աստված գոհ մնաց արդյունքից:
Եվ մարդկանց նոր փորձից հիացած`
Սիրելի Իր խնձորենու բնին
մի գալար էլ փաթաթեց մարմնացրած:


- Ա, - կրկնեց նորից այդ կինը`
դնելով իր ձեռքը իր կրծքին:
Ասաց. "Ադա՞մ", - ցույց տալով Ադամին էլ
ու մոտեցավ, նորից նստեց նրա կողքին:

- Ադամ և Ա՞, - հարցրեց Ադամը:
Այդ ժամը նրանց ճանաչման ժամն էր:
ՈՒ կինն էլ նորից կրկնեց քանի անգամ.
"Ադամ և Ա, Ադամ-և-Ա, Եվ-ա-Ադամ":
- Եվա-Ադամ,- կրկնեց Ադամը: - Ադամ, Եվա:
Եվա, Եվա, Եվա,- կրկնեց:- Եվա, Եվա:-
Քանի անգամ որ կրկնեց նա անունը նրա,
այնքան նոր գույներ կամար կապեցին երկուսի վրա:



5.

Եվ աշխարհը լցվեց գույներով:
Տիեզերքն էլ անչափ հարստացավ:
Խոսքերով, գույներով և ձայներով
Աստծո միտքն էլ երանգ ստացավ:

Ավարտվեց արարման սիմֆոնիան`
առաջինը համայն աշխարհում:
Եվ տեսավ Տեր-Աստված, որ միայն
փորձն է Աստծոն բացահայտում:

Հասկացավ, որ ճիշտ էր այդ միտքը`
բազմանալ Իր զավակների մեջ:
Նա տեսավ, որ զավակն էլ, դա` Ինքն է,
նայեց նրանց և Իրենով զմայլվեց:

Ցանկացավ ավելի բազմանալ
և Իր փորձն էլ բազմապատկել:
Տեսնել Ինքն Իրեն, հիանալ
Իր զավակների զավակների մեջ էլ:

Մեծագույն հաճույքով լպստեց
երկսայրի Իր լեզուն մարմնացած,
Խնձորենուց երկու խնձոր պոկեց,
զգուշորեն ծառից սողաց ցած:

Ադամն ու Եվան իրարով կլանված,
ինչ խոսք, որ չէին տեսնում ուրիշ ոչինչ:
Հայրը մոտեցավ նրանց աննկատ.
Հայրը - սիրով լի և Հայրը - Արարիչ:

Նայեց Հայրը նրանց, Իր զավակներին,
Իր զավակներով հիացավ և օրհնեց:
ՈՒ նրանց ոտքի տակ, ժպտերես, աննկատ
իմացության այն երկու խնձորները գլորեց:

...Եվ սկսվեց...



2. ԵԹԵ ԱՍՏՎԱԾ` ԴԱ ՆԱ Է...


Եթե Աստված` դա Նա է,
ումից որ դու երկչում ես, -
Կորած ես դու, եղբայր,
ես քեզ խղճում եմ:
Եթե երկչում ես, ինչպե՞ս կարող ես
դու Նրան սիրել,
Ինչպե՞ս կարող ես
քո Աստծոն ապավինել:

Եթե Աստված` դա Նա է,
ում որ դու կանչում ես, -
Կորած ես դու, եղբայր,
ես քեզ խղճում եմ:
ՈՒրեմն չես զգացել,
որ Նա կողքիդ է:
Ի՞նչ ես կորցրել Աստծոդ,
Նա միշտ քեզ հետ է:

Եթե Աստված` դա Նա է,
ում դեմ մեղա ես դու գալիս, -
Կորած ես դու, եղբայր,
դու մեղք ես, սիրելիս:
Անիմաստ է այդ անել
Աստծո առջև.
Թող ներեն նրանք, ում դու
վնաս ես պատճառել:

Եթե Աստծոց երկչում ես,
կանչում ես, մեղանչում ես, -
Գալիս է ժամանակ,
երբ դու Աստծոց` փախչում ես:
Էլի կորած ես դու, եղբայր,
և ես խղճում եմ քեզ.
Աստված` Նա ամենուր է.
ու՞ր պիտի Աստծոց փախչես:


Պատճառը Նա չէ` քո Աստված,
պատճառը` դու ես:
Այդ քո հավատն է վախվորած,
իսկ դու` համայն երկյուղ ես:
Պապերդ են դեռ ասել քեզ,
և պատմությունդ.
Այսպես չասես, այնպես չանես,
թե ոչ` դժոխքն է տունըդ:

Այո, տխուր է սա, եղբայր,
տխուր վիճակ է:
Սա կյանք չէ, սիրելիս,
վախի... համաճարակ է:
Սարսափը քեզ համար
նորմալ վիճակ է:
Եվ միշտ արդյունքը քո կյանքի`
կասկածի տակ է:

Որքա՞ն կարող ես դու այդպես,
քանի՞ հազարամյակ:
Ինչքա՞ն կարող ես կռանալ
այդ բեռի տակ:
Ե՞րբ պետք է վերջապես
դու` անճարակդ
Փորձես սթափվել այդ խոր քնից,
շտկել վիճակդ...

Տեսնես, որ սխալ ես քո մասին
դու մտածում,
Եվ անճարակ չես դու, -
ինչու՞ ես այդպես կարծում:
Ամեն ինչ քո ձեռքին է:
Եվ արի ու տես,
Կյանքիդ հետ դու կարող ես
անել ինչ կուզես:



Եղբայր, եկ թա՛փ տուր դու ուսերդ,
բացի՛ր աչքերդ,
Տե՛ս, թշնամի չէ քո Աստված,
Նա քո ընկե՛րն է:
Նա համայն սեր է քո հանդեպ,
քո կյանքի շունչն է:
Նույնիսկ կարիք չունես փնտրել,
Նա միշտ քո շուրջն է:

Նա միշտ քո շուրջն է, քո Աստված,
Նա միշտ քո մեջ է:
Եվ քո վիճակն այս, ճիշտն ասած,
հիշիր` անվերջ է:
Թե բաժանվել էլ ցանկանաս`
դու անկարող ես, -
Քո կապը քո Աստծո հետ
անընդմեջ է:

Սիրո վրա է հիմնված ձեր կապը,
ոչ վախի,
Այնպես որ քո Աստծոց
դու մի փախիր:
Եվ վստահիր դու քո Աստծոն,
դու այդ կարող ես:
ՈՒ հավատա, որ քո Աստված
ամենակարող է:

Աստված հսկիչը չի կյանքիդ,
Աստված դիտող է:
Դու արարիչն ես քո կյանքի,
Նա` հաստատողն է:
Ինչ որ ստեղծես դու քո կյանքում,
Նա համաձայն է:
Նույնիսկ խորհուրդ էլ քեզ չի տա`
դա քո գործն է:

Ինչ խոսք, որ կարող ես դու
հերքել Աստծոդ,
Թե ուզես, կարող ես
նույնիսկ ուրանալ:
Բայց չես կարող երբեք դու
մոռանալ Աստծոդ,
Եվ անկարող ես
քո Աստծոց հեռանալ:

Հիշիր, թե ինչպիսին
Նա քեզ ստեղծեց.
Դու ճիշտ ես, Իր նման
և հենց Իր կերպ:
Այսինքն, դու նույնպես,
ինչպես Աստված`
Ամեն ինչ կստեղծես,
ինչ ցանկանաս:

ՈՒրեմն, իմ եղբայր,
անցիր գործի,
Չար ու սև մտքերից դու
ազատվել փորձիր,
Սև ու մութ ամպերը քո կյանքի
մի կողմ վանիր,
Վստահիր Աստծոդ
և ապավինիր:

Եթե ձեր հաղորդակցության
միջոցը սերն է,
ՈՒրեմն, երջանիկ նախանձը`
դա իմ դերն է:
ՈՒրեմն, քո վերջի մասին
հիմք չունես դու հոգալու,-
Չկա ոչ մի իմաստ`
դրախտը փնտրելու:

Քանզի արդեն հիմա, լսու՞մ ես,
դու դրախտում ես:
Արդեն ունես ամեն ինչ,
ինչ փնտրում ես:
Քո կյանքը դառնություն չէ`
փորձություն է,
Աստծո նվերն է քեզ,
երանություն է:


Եթե Աստված` դա Նա է,
ում որ դու սիրում ես, -
ՈՒրախ եմ ես, եղբայր,
դու արթնանում ես:
Քո արթնացման համար
անչափ ուրախ եմ.
Կգա մի օր, կմոռանաս,
թե ինչ է վախը:

Եթե Աստված` դա Նա է,
ումից դու սովորում ես, -
ՈՒրախ եմ ես, եղբայր
և խոնարհվում եմ:
Աստծո տված միակ դասը`
փրկությունն է:
Գիտե՞ս, թե ինչ ես դու սերտում, -
սերտում ես Անմահությունը:

Եթե Աստված` դա այն է,
ինչը որ դու շնչում ես, -
ՈՒրախ եմ ես, եղբայր,
և քեզ անչափ սիրում եմ:
Եթե Աստծով շնչում ես,
սիրում ես, սովորում ես, -
Գալիս է ժամանակ,
երբ ինքդ` աստվածանում ես:



3. ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ

Այստեղ,այս երկու գետերի միջում`
Այս Միջագետքում,
Անհասանելի անցյալից եկած սարերի վրա
քամին է շրջում:
Իսկ Տիեզերքում
Հավերժությունը անշարժացել է չգիտես ինչու,
Համախմբել է մոլորակներին, աստղերին հեռու
ՈՒ կենտրոնացրել այս բյուր բանակի հայացքն ահավոր
Այստեղ, այս երկու գետերի միջում,
Այս Միջագետքում,
Որտեղ հեռավոր անցյալից եկած սարերի վրա
քամին է շրջում:

Հին գետի ափին, քարերի վրա, թփուտների մեջ
Թաքնվել է Նա:
Նա սպասում է:
Գիտի, որ ճիշտ է իր սպասելը:
Գիտի, որ` ինչ որ կատարվելու է,
Այսօր անպայման պիտի կատարվի:
Տիեզերական համախմբումը
Այստեղ, այս երկու գետերի միջում
Այսօր իզուր չէ.
Եկել է ժամը արհավիրքների:

Սպասում է Նա:
Դարան է մտել:
Որսի դուրս եկած գազանի նման
Անշարժ կանգնած է թանձր թփերի տերևների տակ:
ՈՒ քամին պետք է տատաներ թփի տերևները խիտ, -
Բայց քամի չկա:

Հոծ լռության մեջ գիշերն է շրջում:
Շուրջպար է բռնել գիշերը այսօր մեղմ ալիքների
մեղեդու ներքո,
Հեռու աստղերի նվագակցությամբ:


Հավանական է, որ ալիքների մեղեդին էր ջերմ
քնքշորեն շոյում հուշերը Նրա:
Հնարավոր է, այն բյուր աստղերի արտացոլումն էր
ծանրացել Նրա կոպերի վրա:
ՈՒ հավանաբար սպասողը այս,
դարան մտածը,
Հոգնել էր արդեն իր սպասումից,
Եվ չհասցրեց նույնիսկ հասկանալ, թե ինչպես...
Քը-նեց:

Ես չեմ հասկանում, ինչպե՞ս քնեցի...
Ինչպե՞ս քնեցի հենց այն վայրկյանին,
Երբ Ծիր-Կաթինը իր գորգն էր փռել գետի ջրերին,
ոտքերիս առջև:
Երբ հավատացի, որ Լուսնի Ճամփան ինձ տանելու է
դեպի իղձերըս,
երկար փափագած...
Երբ Հավերժության հուր-հիացմունքը և Իմաստության
Լույսը թաքնված
Արտացոլվեցին աչքերիս խորքում
ՈՒ որոշեցի դուրս գալ դարանից և ընկնել ճամփա:
Սակայն քնեցի... կարծես - քարացա...

Ոչ ոք չգիտի, ե՞րբ լույսը բացվեց.
Առավոտյա՞ն էր, թե՞ անցած տարի,
Թե՞ հարյուր տարի, կամ դարեր հետո:
Բայց, երբ կատարվեց անխուսափելին,
Երբ Լույսը բացվեց...
Ոչ ոք չգիտի, առավո՞տ էր դա,
Թե՞ կայծակների,

Որ հուրում էին ամբողջ Գիշերը
Անհասանելի Անցյալից եկած սարերից այն կողմ,
Այս կայծակների
Արտացոլումը գետի ջրերին...

Իրականությու՞ն է սա, երա՞զ, ոչ ոք չգիտի:
Բայց հեռվից եկած մի պատմություն են պատմում
հին մարդիկ,
Որ Միջագետքում,
Այնտեղ, այն երկու գետերի միջում,
Ինչ-որ մի Կերտող,
Կամ ինչ-որ Աստված
Արձան է կերտել շատ դարեր առաջ:
Եվ սպասում է Արձանն այս խոնարհ,
Թե երբևիցէ Գիշերը կանցնի,
Եվ, վերջիվերջո, Առավոտ կգա
Եվ Նա - կարթնանա:



ԿԱՐՄՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ԱՄՊԵՐ

Այնպես ստացվեց, որ ուշ ճանապարհ ընկանք: Նորից Լաս Վեգաս էինք գնում: Սովորաբար շուտ ենք դուրս գալիս, որպեսզի լույսով տեղ հասնենք:

Մի խոսքով: Հասցրել էինք ճանապարհի կեսն անցնել ընդամենը, սկսեց մթնել:

Մայրամուտը շատ գեղեցիկ է Լոս Անջելեսում: Որքան արևը ցած է սահում երկնքից, երկինքն ավելի կարմրամանուշակագույն երանգ է ստանում: Իսկ եթե ամպեր էլ կան՝ աննկարագրելի գեղեցիկ է դառնում երկինքը: Բայց այս տեսարանն առավել յուրահատուկ է ջրին մոտ շրջաններում, որտեղ արևը թաքնվում է կարծես Խաղաղ օվկիանոսի մեջ:

Իսկ մենք ավելի ու ավելի էինք հեռանում օվկիանոսից, շուտով արդեն Նևադա ենք հասնելու:

Չգիտեմ, թե ի՞նչ փչեց կնոջս խելքին, բայց նա շատ տխուր ասաց.

- Պատկերացնու՞մ ես, թե ինչ գեղեցիկ է մայրամուտի այս ժամն օվկիանոսի ափին: Իսկ այստեղ… տես, ինչ գորշություն է ամենուր: Գոնե արևի մի փոքրիկ ցոլք լիներ ամպերի վրա, մի փոքրիկ երանգ…

Ես նայեցի նրան: Իրոք, այնքան տխուր էր նրա հայացքը: Այնքան թախիծ կար աչքերի մեջ, որ ես խղճացի նրան.

- Լավ, հանգստացիր, - ասում եմ: - Եթե դու այդքան սիրում ես քո այդ կարմրամանուշակագույն ամպերը, ուրեմն Աստված քեզ առանց նրանց չի թողնի: Ուշադիր նայիր, որ հանկարծ բաց չթողնես:

- Որտեղի՞ց, - ասում է: - Այստեղ օվկիանոս չկա…

Անցել էր մի հինգ րոպե, ոչ ավելի, երբ հանկարծ…

Անհավատալի է, բայց ամբողջ երկինքը կարմրեց: Իմ ամբողջ կյանքում ես նման երկինք չէի տեսել: Ինքնստինքյան դանդաղեցրի ընթացքն ու աջ շարք անցա:

Ուր աչքերդ գցեիր. առաջ, հետ, ձախ, աջ… ամենուր կարմրամանուշակագույն երկինք էր, կարմրամանուշակագույն ամպեր:

- Անհավանական է, - արցունքն աչքերի շշնջում էր կինս: - Սա՝ անհնար է: Այսպիսի բան չի կարող լինել: Աստված իմ, Աստված իմ…

Երկինքը մնաց հրդեհված երևի մոտ տաս րոպե: Հետո, ինչ-որ շատ անսպասելիորեն, ամեն ինչ նորից գորշացավ, և էլի մի տաս րոպե հետո արդեն շուրջբոլորը սկսեց մթնել:

Եթե բացատրություն կպահանջեք՝ անկարող եմ այդ անել: Եթե կուզեք, եկեք այս պատահարը համարենք “պատահականությու՞ն”…


* * *

Եվ այսպես, մոտեցանք վերջին: Ամենահիմնական պատմությունը: Ամենաանհավանականը: Այն, ինչը պատճառ դարձավ՝ գրելու այս ողջ կատարվածի մասին իմ կյանքում, ավելի ճիշտ, վերջին տասնամյակում: Ամենաանհավանական հանդիպումը՝ բոլոր հանդիպումներից: Այն, ինչը վերջ դրեց բոլոր կասկածներիս:




ՈՒ Գ Ո

Մի օր Ալիկը մոտեցավ ինձ ու վրդովված սկսեց պատմել, որ “Զրույց Աստծո հետ” աուդիոգիրքը լսելիս, մի ակնառու ստի է հանդիպել, ինչն էլ որ հանդիսացել էր նրա վրդովվմունքի պատճառը:

Պատմությունը հետևյալն է: Մի օր Նիլ Դոնալդ Ուոլշը, որն իր կյանքի այդ ժամանակահատվածում բավական սուղ ֆինանսական վիճակի մեջ էր գտնվում, դուրս է գալիս տանից, և ավտոբուսի կանգառում հանդիպում է մի զույգի: Հասկանում է, որ սրանք փող չունեն ու սոված են, այնքան է խղճում սրանց, որ համոզում և իր տուն է տանում: Սկսում է կերակրել նրանց տարբեր տեսակի ուտելիքներով, որոնք որ մեխանիկորեն հանում է սառնարանից, և մի որոշ ժամանակ հետո միայն հիշում է, որ սառնարանում այդքան ուտելիք չուներ: Պահում է զույգին իր տանը գիշերն էլ, առավոտյան նորից կերակրում է նրանց, նոր միայն ճանապարհ դնում: Եվ նույնիսկ հետո էլ, սառնարանը լիքն է մնում մոտ երեք օր:

Ալիկն ինձանից պատասխան էր սպասում, թե ինչու՞ է իմ սիրելի Ուոլշը տեղադրել նման հիմարությունն իր գրքում:

Ես չէի հիշում այդ տեղը և, ճիշտն ասած, նույնիսկ զարմացա, որ Ուոլշը գրել է այս պատմությունը հենց իր առաջին գրքի մեջ: Իմ կարծիքով, նման պատմություն գրելու համար հարկավոր էր նախապատրաստել սկզբում ընթերցողին, որ հնարավոր են այսպիսի պատմություններ, նոր միայն պատմել այդ մասին:

Այդ պատճառով հարցրեցի Ալիկին, միգուցե նա շփոթե՞լ է, և այդ պատմությունը մեկ ուրիշ գրքու՞մ է գրված: Սկսեցի թվարկել Ուոլշի ուրիշ գրքերը, բայց Ալիկն ասաց, որ ոչ, հենց առաջին գրքի երրորդ հատորի մեջ է: Ես ոչ մի կերպ չէի ցանկանում հավատալ դրան ու ասացի, որ ինքս կստուգեմ:

Ալիկն ասաց, լավ, բայց վերցնենք, թե Ուոլշը գրել է այնտեղ այդ պատմությունը: Ի՞նչ կասեմ ես կոնկրետ պատմության մասին: Հնարավո՞ր է արդյոք դատարկ սառնարանից հինգ օր ուտելիք հանել:

Ես ասացի, որ չեմ կասկածում, որ նման պատմություն հնարավոր է: Իհարկե, հնարավոր է: Ես ուղղակի կասկածում եմ, որ Ուոլշը գրել է այդ մասին արդեն իր առաջին գրքում:

Ալիկին, կարծում եմ, ասածս ավելի զայրացրեց: Նա մեզ մոտ կանչեց մեկ ուրիշ վարորդի՝ Համիկին:

Ցանկանում եմ նշել, որ այս ամենը տեղի էր ունենում Լոս Անջելեսի կենտրոնական երկաթուղային կայարանում, տաքսիների հերթում, որտեղ մենք սովորաբար հաճախորդների ենք սպասում: Քանի որ ես հերթում երկրորդն էի, իսկ Ալիկի տաքսին ավելի հեռու էր գտնվում, մենք խոսակցությունը վարում էինք, կանգնած իմ մեքենայի կողքին: Այդ պատճառով Ալիկը կանչեց հերթում առաջին տաքսու վարորդին:

Նա պատմեց Համիկին սառնարանի պատմությունը և հարցրեց, հավատու՞մ է արդյոք Համիկն այս պատմությանը: Վերջինս ասաց, որ չի հավատում, քանի որ ինքը՝ ռեալիստ է:

Ես ասացի, լավ, ուրեմն հիմա ես մի պատմություն կպատմեմ, որը տեղի է ունեցել կոնկրետ ինձ հետ և, եթե անհրաժեշտ է, կարող եմ որպես վկա բերել նաև նրանց, ովքեր մասնակից են եղել այդ պատմությանը:

Բայց չհասցրեցի նույնիսկ սկսել պատմությունը, քանզի այդ ժամանակ մենք բոլորս նկատեցինք, որ մի հաճախորդ է մոտեցել առաջին տաքսուն:

Երիտասարդ մի տղա էր, մոտ քսանհինգ տարեկան:

Համիկը մոտեցավ նրան: Առաջարկեց նստել:

Երիտասարդը հրաժարվեց: Ասաց, որ չի ցանկանում նստել այդ մեքենան ու, մոտենալով իմ տաքսուն, - հիշեցնեմ, որ ես՝ երկրորդն էի հերթում, - ասաց, որ այս մեքենան է ցանկանում:

Ես ասացի, որ բոլոր տաքսիները նույնն են և որ հերթը՝ առաջին մեքենայինն է: Մի խոսքով, փորձեցինք համոզել բոլորս, բայց՝ ապարդյուն: Համիկն ասաց, դե ինչ արած, տար, եթե նա քո մեքենան է ընտրել:

Ես բացեցի դուռը: Երիտասարդը նստեց:

Ասեմ, որ իմ տաքսին միկրոավտոբուս է, հարմարեցրած՝ սայլանիվներով հիվանդներին տեղափոխելու համար: Մեջտեղի նստարանը ձևափոխված է և սովորաբար ես այն բարձրացրած եմ պահում. սիրում եմ ազատ տեղաշարժվել մեքենայի մեջ, որովհետև հաճախ, իմ հերթին սպասելիս, գրում կամ կարդում եմ՝ հետևի նստարանին նստած: Ու նաև չունեմ վարորդին հաճախորդներից անջատող պատը, ինչը Լոս Անջելեսի տաքսիների անհրաժեշտ մասն է հանդիսանում: Այնպես որ, եթե հաճախորդս ունի իրեր, ես նրանք հենց հատակին եմ դնում, քանի որ հետևում շատ փոքրիկ տեղ է մնացել ու սովորաբար ես տաք հագուստ եմ պահում այնտեղ և՝ պայուսակս, լիքը գրքերով ու տետրերով:

Ես մանրակրկիտ նկարագրեցի տաքսին, քանզի դա կարևոր է այս պատմության մեջ:

Հարցրեցի երիտասարդին, թե ու՞ր է գնում: Ասաց. “Դուբիդուքս”: “Դուբիդուքս”՝ ի՞նչ է, հարցնում եմ զարմացած: Ասում է. “Դու չգիտե՞ս, թե Դուբիդուքս” ինչ է”: Ասում եմ. “Ես՝ չգիտեմ: Միգուցե դու՞ ինձ բացատրես”: Պատասխանում է. “Դուբիդուքս”՝ տեղ է”: Ասում եմ. “Ի՞նչ տեղ է. Փողո՞ց է, քաղա՞ք է. ռեստորա՞ն է, կինոթատրո՞ն է: Ի՞նչ է”: “Չէ, - ասում է, - ուղղակի տեղ է”:

Դուրս եկա մեքենայից: Վարորդները մոտեցան: Հարցնում եմ. Գիտե՞ք, թե “Դուբիդուքս” ի՞նչ է… Ոչ ոք չգիտի:

Հարցնում ենք երիտասարդին. Իսկ հասցեն՝ գիտե՞ս: Որտե՞ղ է քո Դուբիդուքսը: Ասում է. “Հասցեն չգիտեմ, բայց այստեղ է”: Ու ձեռքով ցույց է տալիս այնպես, կարծես այդ տեղը՝ կայարանի հետևում է: “Ես, - ասում է, - ցույց կտամ: Թող ինքը քշի”:

Տղաները լռում են:

Նման դեպքում ես լրիվ իրավասու էի չտանելու նրան և ոչ ոք դեմ ոչինչ չէր ասի: Բայց, չգիտեմ ինչու, համաձայնվեցի տանել: Հավանաբար, որովհետև այն, ինչ լինելու է՝ պետք է լինի: Նստեցի մեքենան ու շարժվեցի:

Երիտասարդն ասաց. “Թեքվիր ձախ, նորից ձախ, ու մտիր 10–րդ մայրուղի: Ուղղությունը՝ արևելք”:

Մտածեցի. Լավ, հավանաբար մեքսիկացի տղա է, գնում է Արևելյան Լոս Անջելես, որն իրոք, կայարանին համարյա կպած է: Այնտեղ հիմնականում մեքսիկացիներ են ապրում: Մանավանդ, սկզբում, երբ խոսում էր Համիկի հետ, նրա բառերը իսպաներեն թվացին:

Հիմա արդեն ես կասկածում եմ. Իսպաներե՞ն էր դա արդյոք…

Մի խոսքով, մտա մայրուղի ու գնում եմ: Երիտասարդը՝ լուռ է: Ես էլ եմ լռում:

Անցանք Արևելյան Լոս Անջելեսը: Հետո անցանք Սան Գաբրիելը, Ռոզմիդը...

Տղան լուռ է: Միայն մեկ անգամ, երբ փոխեցի շարքը՝ ուրիշ մեքենայի շրջանցելու համար, ասաց, որ ձախ շարքի վրա մնամ, մեզ այդ շարքն է անհրաժեշտ: Հարցրեցի. Միգուցե ավելի լավ կլինի արագ շա՞րք մտնել: Ասաց. “լավ միտք է, կարելի է”: Հետաքրքրվեցի. Իսկ կհասցնե՞նք այնտեղից դուրս գալ, ե՞րբ ենք մայրուղուց դուրս գալու: “Դու քշիր, - ասում է: - Մի անհանգստացիր”:

Իսկ անհանգստանալու պատճառ, ճիշտն ասած, կար: Սովորաբար, նման պարագային, վարորդը կանգնեցնում է տաքսին, պահանջում է կանխավճար, նոր միայն շարունակում է ճանապարհը: Բայց ինչ-որ բան ինձ ասում էր, որ սա՝ մի արտասովոր վիճակ է, որ այստեղ մի ուրիշ բան կա: Եվ հետո, լրիվ համոզված էի, որ այդ երիտասարդից ինձ ոչ մի վտանգ չի սպառնում: Մտածում էի, որ առնվազն կարող է փողը չտալ ու ինքս ինձ ասում էի. գոնե այնքան հեռու գնանք, որ եթե չվճարի ու ես բարկանամ, մոտիկ մի կազինո լինի, որ մտնեմ, բարկությունս խաղամեքենաների վրա թափեմ:

(Լոս Անջելեսի մեջ խաղամեքենաներով կազինոներ չկան: Կալիֆորնիայում այդ կազինոները գտնվում են բնիկ հնդիկների ռեզերվացիաներում, որոնց հիմնական մասը հենց այն կողմում է, դեպի ուր մենք գնում էինք:)

Համարյա չենք խոսում: Երիտասարդը լուռ նայում է շուրջը, լուսամուտից դուրս: Մի անգամ էլ հարցրեց. չհիշեցի՞, թե որտեղ է Դուբիդուքսը: Պատասխանեցի, որ անկարող եմ հիշել, որովհետև չեմ էլ մոռացել այն, ինչը երբեք չեմ իմացել անգամ: Նորից լռեց:

Ու հանկարծ, կտրուկ բարձրացավ տեղից, իր նստարանի հետևից վերցրեց պայուսակս ու դրեց կողքը:

Ասեմ, որ պայուսակս՝ իմ ամենաթանկարժեք ունեցվածքն է, որովհետև այնտեղ են գտնվում տետրերս: Եվ սովորական պայմաններում ես ամենաքիչը՝ կայծակնահար կլինեի, եթե մեկը պայուսակիս ձեռք տար: Բայց հիմա… ուղղակի ապուշ կտրեցի անսպասելիությունից:

Ինչու՞ վերցրեցիր, - հարցնում եմ: Պատասխանում է. “Որովհետև ես ամեն ինչ գիտեմ”: “Դու ամեն ինչ գիտե՞ս”, - կրկնում եմ, չհասկանալով նրա խոսքերի իմաստը: “Հանգստացիր, - ասում է: - Ամեն ինչ լավ է: Ամեն ինչ լավ կլինի”:

Զարմանալի է, բայց ես անմիջապես հանգստացա. Հավատացի, որ ամեն ինչ լավ կլինի:

Հանկարծակի նա ինձ կարգադրեց դուրս գալ 10–րդ մայրուղուց ու մտնել 215 մայրուղի՝ հարավային ուղղությամբ:

Հազիվ հասցրեցի մի քանի շարքեր փոխել ու մի կերպ ինձ գցեցի պետքական շարքը: Չէի հասցրել շունչ քաշել, նա սկսեց գոռգոռալ վրաս: Ասաց, որ ես խոստովանեմ, որ գիտեմ, թե որտեղ է Դուբիդուքսը, որ չփորձեմ անգամ խաբել իրեն, որ ես պարտավոր եմ հիշել և այլն և այլն:

Ես էլ այլևս չդիմացա ու սկսեցի նույնպես գոռգոռալ՝ ի պատասխան: Երիտասարդն անմիջապես հանգստացավ, ասես հենց նոր ինքը չէր գոռացողը, և խնդրեց նորից փոխել մայրուղին, հիմա՝ 60-րդ՝ արևմուտք, այսինքն, նորից հետ՝ դեպի Լոս Անջելես:

Հազիվ հասցրեցի նորից փոխել շարքերն ու գցեցի մեքերնան 60–ի վրա: Կատաղությունից փրփրել եմ ու… հանկարծակի հիշեցի, թե ի՞նչ է ինձ հիշեցնում Դուբիդուքս անունը: Հարրի Փոթեր գրքի մեջ ինչ-որ բան շատ նման անուն ունի: Թե ի՞նչ էր դա, այդպես էլ չհիշեցի մինչև վերջ, բայց դրանից հանգստացա: Կարծես թե սկսեցի մի ինչ-որ հեքիաթի մասնակից դառնալ:

Իսկ ուղևորս, ինչպես հանկարծակի բռնկվեց, նույնպես հանկարծակի սկսեց ինձանից ներողություն խնդրել: Մի քանի անգամ անդադար: Ասաց, որ իրականում ինքը չէր այդ գոռացողը, որ իր մեջ բազում ձայներ կան, և այդ նրանք էին, որ սկսեցին գոռգոռալ ինձ վրա: Որ ինքը երբեք նման բան չէր անի և շատ ցավում է, որ այդպես ստացվեց…

Ես հանգստացրեցի նրան: Ասացի, որ ամեն ինչ նորմալ է: Բայց ես իրոք չգիտեմ, թե ի՞նչ է Դուբիդուքսը և հանկարծ… տեսա առջևումս, մայրուղու ելքերը ցույց տվող ցուցանակի վրա. “Դուբիդուքս”:

Հարցնում եմ. Սա՞ է քո Դուբիդուքսը: “Սա է, - ասում է ու ժպտում: - Հիմա հիշեցի՞ր”: Լսիր, - ասում եմ: - Ինչպե՞ս կարող եմ հիշել, եթե առաջին անգամ եմ տեսնում: Ես նույնիսկ երբեք այստեղ չեմ էլ եղել, հասկանու՞մ ես… “Լավ, ասում է: - Երբ մայրուղուց դուրս գաս, թեքվիր ձախ, հետո՝ անմիջապես աջ:

Ու սկսեց խոսել: Խոսեց բավական շատ: Մոտ տաս րոպե կամ ավել տևեց այդ պահից սկսած, իմ՝ մայրուղուց դուրս գալը, փողոցներով գնալը, մինչև տեղ հասանք: Եվ այդ ամբողջ ժամանակ նա խոսում էր:

Ես հիմնականում չէի հասկանում նրա ասածները: Դա զարմանալի էր, քանզի տասնհինգ տարիների ընթացքում սովորել էի խոսակցական անգլերենը հիմնականում հասկանալ: Վերագրել նրա ժարգոնին էլ սխալ կլիներ, քանզի բազմալեզու մեգապոլիսում այնքան շատ են այդ ժարգոնները, որ տաքսու վարորդները, շփվելով հաճախորդների հետ, սովորում են հասկանալ բոլոր դրանք:

Եվ հետո, չեմ էլ կարող պնդել, թե նա ուներ այդ ժարգոնը: Նրա անգլերենն ուղղակի ինչ-որ ուրիշ էր հնչում: Մի տեսակ տարօրինակ: Ես, իհարկե, առանձնապես չեմ փայլում անգլերենի ճանաչմամբ, բայց և այնպես, ինձ թվում է, թե մարդիկ սովորաբար այդպես չեն արտահայտվում: Համենայն դեպս՝ այսօր:

Մի խոսքով, շատ քիչ բան հասկացա նրա ասածներից. Երբեմն, առանձին ինչ-որ բառեր, որ հիմա արդեն նույնիսկ իրար կպցնել չեմ կարողանում: Բայց մի երկու միտք այնուամենայնիվ մնացել է հիշողությանս մեջ խրված:

Օրինակ, ասաց, որ ամեն կատարվող բան շատ կարևոր է, որ ես դա կհասկանամ: Եվ որ ամեն ինչ կատարվում է հենց Այստեղ և հենց Հիմա:

Չգիտեմ, թե ինչու՞, ասաց, որ իրեն դուր է գալիս անգլերենը: Եվ, որ ներկայիս անգլերենը ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Զարմանալի էր, բայց ինձ թվաց, թե նա ասում է այնպես, կարծես ներկա է եղել այդ ձևավորմանը:

Ես հարցրեցի, թե ո՞րն է նրա մայրենի լեզուն: Նա մի պահ մտածեց, հետո ասաց. “Լավ հարց է: Բայց գիտե՞ս, ես չեմ հիշում”:

Այնպես որ, նույնիսկ այն ժամանակ, երբ կարծես թե հասկանում էի նրա խոսքերը, չեմ կարող վստահորեն ասել, թե հասկացել եմ այդ խոսքերի իմաստը: Բայց, երբ վերջապես, էլի մի քանի աջուձախերից հետո, նա մի տուն ցույց տվեց ու ասաց, որ կանգ առնեմ այդ տան առջև, ես հաստատ համոզված էի, որ սա՝ մի նոր հրաշք էր, որ կատարվեց ինձ հետ, ամենամեծը՝ մինչև այժմ կատարվածներից:

Ես հանգցրեցի շարժիչն ու շուռ եկա դեպի նա: Մեջս կարծես ամեն ինչ եռում էր: Մեծ ապրումների ժամանակ մեկ-մեկ լինում է. թվում է, թե այնքան թթվածին է հավաքվել մեջդ, որ դժվարանում ես շնչել:

- Մի երկու հարց ունեմ քեզ, - ասացի: - Կարո՞ղ եմ…

- Իհարկե, - ասաց: - Խնդրեմ:

- Ինձ թվում է, ես հասկանում եմ, որ սա՝ պատահականություն չէր: Բայց խնդրում եմ, ասա, ինչու՞ դու ընտրեցիր հենց իմ տաքսին նստել:

- Իհարկե, պատահականություն չէր: - Ժպտաց: Հետո, արդեն լուրջ, ասաց. – Ես՝ արարիչ եմ: Դու էլ՝ արարիչ ես: Եվ դու՝ այդ գիտես:

Միգուցե սխալ եմ, բայց հասկացա նրա միտքն այնպես, որ նա ցանկանում էր ասել, որ արարիչ են բոլորը, բայց ոչ բոլորն են, որ գիտեն, որ իրենք՝ արարիչ են:

- Դու ճիշտ ես հասկանում, - ասաց նա ու նորից ժպտաց:

Ես կուլ տվեցի թուքս ու նոր հարց տվեցի.

- Երբ վերցրեցիր պայուսակս…

Նա կարծես նոր հիշեց պայուսակիս մասին, խնամքով վերցրեց այն իր կողքից ու դրեց այնտեղ, որտեղից որ հանել էր: Ես շարունակեցի.

- Երբ վերցրեցիր պայուսակս, ասացիր, որ դու ամեն ինչ գիտես: Ես հավատում եմ քեզ: Բայց այնուամենայնիվ, ասա, խնդրում եմ, ինչու՞ դու այն վերցրեցիր:

- Որովհետև այն ամենաթանկարժեք բանն է քեզ համար:

Նա լրիվ ճիշտ էր: Տետրերիցս ավելի թանկ, ոչինչ գոյություն չունի ինձ համար:

- Ես երբեք չեմ մոռանա մեր այս հանդիպումը, - ասացի ես:

- Այո, չես մոռանա: - Հետո կարծես սթափվեց: - Ախ, այո:

Վերցրեց ոտքերի մոտ դրած իր պայուսակը, բացեց, սկսեց փորփրել այն: Ուսերին կրելու սովորական մի պայուսակ էր, ինչպիսին շատ երիտասարդներ ունեն: Երկար փորփրում էր:

Ես հիմա, այս տողերը գրելուց, հիշեցի, որ ուշադիր հետևում էի նրա շարժումներին, չնայած երբեք նման սովորություն չեմ ունեցել. հետաքրքրվել ուրիշի ճամպրուկի պարունակությամբ: Իսկ այստեղ, հայացքս նրանից կտրել չէի կարողանում:

Որովհետև այնպիսի հետաքրքրությամբ էր փորփրում պայուսակը, կարծես այն ուրիշինը լիներ: Հանում էր ինչ-որ բան, լուռ զննում էր, կարծես առաջին անգամ է տեսնում, գնահատում էր կարծես ու դնում էր տեղը:

Որոշ ժամանակ այդպես տնտղեց պայուսակի պարունակությունը, հետո, մի տեսակ անսպասելիորեն, նրա ձեռքում երկու հատ հարուրանոց հայտնվեցին, որոնք նա մեկնեց ինձ:

- Սա քեզ: Շնորհակալ եմ, որ տեղ հասցրեցիր:

Վերցրեցի դրամը: Սովորության համաձայն մեկնեցի քարտս՝ հեռախոսի համարով.

- Զանգիր, եթե պետք կգամ:

- Պայմանավորվեցինք, - նայեց քարտիս ու ասաց անունս, - Սամ:

- Իսկ քո անունն ի՞նչ է, - հարցրեցի:

- Ուգո:

- Ուգո՞:

Նորից սկսեց խոսել: Ու նորից՝ սկսեցի չհասկանալ: Ու անհասկանալի բառերի շարանի մեջ լսում եմ. Մեկ՝ Ուգո, մեկ՝ Էգո, մեկ՝ Իգո: Երբ վերջացրեց, նորից հարցրեցի.

- Չեմ հասկանում: Ու՞գո, թե՞ Էգո:

- Ոչ, - ասաց: - Էգո չէ: Էգոն դա լրիվ հակառակ բան է:

Իջավ մեքենայից ցած: Շուռ եկավ դեպի ինձ: Ու ասաց շատ լուրջ.

- Հիշիր: Ինչ որ կատարվում է, շատ կարևոր է: Եվ հարկավոր է, որ այն կատարվի: Եվ, կրկնում եմ, ամեն ինչ կատարվում է հենց Այստեղ և հենց Հիմա:

- Ու՞գո, - հարցրեցի կամաց: - Իսկ այն, ինչ անում եմ ես… Դե, այն, ինչով ես զբաղված եմ հիմա, - ես գլխով արեցի դեպի պայուսակս: - Ես… ճի՞շտ եմ անում:

- Դու ինքդ այդ գիտես, - ասաց նա: - Եվ էլ ոչ մի անգամ, ոչ ոգու չհարցնես, ճի՞շտ ես անում դու, թե՞ ոչ: Նույնիսկ ամենամեծ Ոչ Ոգուն: Չհարցնես: Պայմանավորվեցի՞նք:

- Պայմանավորվեցինք:

Ուգոն վերցրեց պայուսակն ու գցեց ուսին:

- Ես քեզ երբեք չեմ մոռանա, Ուգո…

Նա ժպտաց ու մեկնեց ձեռքը՝ հրաժեշտի.

- Պայմանավորվեցինք:

Բաց թողեց ձեռքս, շուռ եկավ, որ գնա: Բայց հետո նորից դարձավ դեպի ինձ.

- Իսկ ճանճի պատմությունը դու պատմիր նրանց: Պատմիր:

Ու գնաց:

Ես շնչահեղձ եղա: Մնացի շշմած… Ինչպե՞ս իմացավ…

Բայց անմիջապես սթափվեցի: Չէ՞ որ միայն այդ վերջին խոսքերը չէին , որ հրաշք էին: Հրաշք էր ամբողջ այն մոտ երկու ժամը, որ ես անց էի կացրել Ուգոյի հետ: Որոշեցի հետո մտածել այդ մասին: Իսկ հիմա՝ պետք էր շտապել:

Ծածկեցի մեքենայի դուռն ու շարժվեցի տեղիցս:

Ուգոն վաղուց անցել էր արդեն այն տունը, ուր ես նրան բերել էի, ու քայլում էր մայթով, պայուսակը ուսին գցած: Տունը… հետևում մնաց…

Հավասարվելով Ուգոյին, ես դանդաղեցրի ընթացքն ու ձեռքով արեցի նրան՝ հրաժեշտի նշան: Նա չնայեց անգամ իմ կողմը, կարծես չնկատեց: Սեղմեցի արագության ոտնակն ու անցա Ուգոյին…

Ես գիտեմ, որ մենք էլ երբեք չենք հանդիպի:

- - - - - - - - -

Չեմ հիշում, թե ինչպես հետ վերադարձա, կարծես թե մեկ ակնթարթում: Հիշում եմ, որ ժամանակ առ ժամանակ ծիծաղում էի բարձր:

Կայարանում գտա Ալիկին: Մոտեցավ իսկույն: Հարցրեց, թե ու՞ր եմ կորել: Սպասիր, ասում եմ: Դու հիշու՞մ ես այն տղային, որ Դուբիդուքս էր գնում: Իհարկե, հիշում եմ այդ խելագարին, - ասում է: - Գտա՞ր: Որտե՞ղ էր այդ Դուբիդուքսը:

Ես դրամապանակիս միջից հանեցի հատուկ նրա համար պահած (ի միջի այլոց՝ պահել եմ մինչև հիմա), սակացույցի կտրոնը, որի վրա տպված է ճամփորդության արժեքը: Մեկնեցի նրան:

Վերցրեց, նայեց: $187.35: Շշմած նայեց ինձ: Հետո՝ ժամացույցին: Համեմատեց կտրոնի վրա նշված ժամանակի հետ:

- Հա, էլի: - Կուլ տվեց թուքը: - Պատմիր:

Շատ ուրիշ տիպն է Ալիկը: Անմիջապես զգաց դեպքի լրջությունը: Ամենաշատը նրա մեջ գնահատում եմ նրա այդ ունակությունը: Կարող ես խոսել նրա հետ այնպիսի բաների մասին, ինչից նա ընդհանրապես տեղեկություն չունի: Եվ միմիայն տրամաբանական դատողություններով, նա ի վիճակի կլինի ճշմարիտ եզրահանգման գալ:

Մի խոսքով, պատմեցի: Մինչև Ուգոյի հրաժեշտ տալը: Լսում էր շատ ուշադիր: Ու փորձում էր ամեն կերպ ինչ-որ պատճառներ գտնել, որպեսզի ապացուցի ինքն իրեն, որ Ուգոն կարող էր աննկատելի անցած լինել մեր կողքով, լսել մեր խոսակցությունը, որոշ բառերից եզրակացնել, թե ինչի մասին ենք խոսում իրեն օտար հայերենով, հասկանալ, որ ես եմ հիշատակել Ուոլշին և այլն… Մի խոսքով, մի որևէ պատճառ, ինչից կարելի կլիներ կառչել՝ կատարվածը բացատրելու համար: Բայց…

Երբ հասա վերջին՝ ճանճին, - հարցրեցի Ալիկին.

- Լսիր, - ասում եմ: Ամենասկզբից, մինչև Ուգոյի գալը… Երբ ասացի Համիկին, որ հիմա մի դեպք կպատմեմ, ինչ կատարվել է ինձ հետ… Ես ասացի՞ ձեզ, թե ի՞նչ դեպք եմ պատմելու: Հասցրեցի՞ արդյոք ակնարկել մի որևէ բառով, թե ինչի՞ մասին եմ պատրաստվում պատմել:

- Ոչ, - ասաց Ալիկը: - Բայց ես հասկացա, որ դու ցանկանում ես պատմել այն ճանճի պատմությունը, որ տեղի էր ունեցել ձեր հետ նավի վրա:

- Դու՝ հասկացա՞ր… - Զարմացել էի:

Բայց իզուր էի զարմացել; Նա պետք է հասկանար: Այլ կերպ ուղղակի չէր էլ կարող լինել: Որովհետև, այսօրվա տեղի ունեցած հրաշքը՝ իմ հրաշքը չէր:

Դա՝ Ալիկի հրաշքն էր:

Ես ասացի Ալիկին.

- Երբ մենք հրաժեշտ էինք տալիս, Ուգոն ինձ ասաց. “Իսկ ճանճի պատմությունը դու պատմիր նրանց”:

. . . . . . . . .

- Սամ, լավ էլի, - Ալիկը խեղճացած ինձ նայեց…


* * *

Դեռ մինչև իմ այս հանդիպումն Ուգոյի հետ, ես արդեն մտածում էի այն մասին, որ հարկավոր է այլ կերպ մոտենալ ինձ հետաքրքրող հարցին: Ի նկատի ունեմ նյու-էյջական գրականության թարգմանությունները հայերեն:

Առիթ չեղավ ասելու, որ տարիներ շարունակ ես միջոցներ էի փնրտում համացանցում նյու-էյջական մի կայք բացել, հայերեն լեզվով: Նույնիսկ նամակագրական կապեր էի հաստատել Ուոլշի կայքերից մեկի հետ՝ “The Group of 1000”: Մեծ ուրախությամբ համաձայնվեցին, բայց ֆինանսավորել չցանկացան: Իսկ տարիներ շարունակ հայ հովանավորներ փնտրելու ջանքերս էլ ապարդյուն անցան:

Այնպես որ, իմ ցանկությունը՝ համախմբել մի փոքրիկ կոլլեկտիվ, նյու-էյջական գրականությունը հայերեն թարգմանելու համար, չիրականացավ: Ու հիմա, զբաղվելով “Զրույցի…” թարգմանությամբ և այն չափածոյի վերափոխելով, տեսնելով, որ կամա թե ակամա, բայց ինչ-որ բան այնուամենայնիվ փոխվում է հեղինակի ասածից, և փոխվում է այնպես, որ արդեն երևի սխալ կլիներ նույնիսկ հրամցնել այն հեղինակի անվան տակ, ես որոշեցի հարցի լուծումը այլ կերպ:

Հիմնականում, իհարկե, թողնել “Զրույցի…” գրելավոճը, ինչպես որ այն կա, երկխոսության ձևով: Այդ ձևն ինձ դուր է գալիս և համապատասխանում է մտադրությանս:

Բայց “Մատեան Երանության” անվան տակ սարքել հավաքածու, այսպես ասած, քրեստոմատիա, պոպուրրի՝ նյու-էյջական փիլիսոփայության: Վերջիվերջո, ամենակարևորն ինձ համար այն է, որ ես ցանկանում եմ, որ իմ ազգը տեղյակ լինի, թե իրականում ի՞նչ է կատարվում այսօր աշխարհում: Կամ, եթե համաձայն չեք նման արտահայտությանը, տեղյակ լինի, որ այսօրվա իրականություններից մեկը, և ոչ վատթարագույնը՝ Նյու Էյջն է:

Այնպես որ այս գրքում հավանաբար տեղ կգտնեն Նյու Էյջի շատ ներկայացուցիչների մտքերը, բայց որոշակիորեն փոխված, արդեն իմ մտածելակերպով:

Ընդամենը երկու- երեք շաբաթ առաջ ես վախենում էի դրանից, վախենում էի, որ դա նման է գրագողության: Բայց այսօր, արդեն Ուգոյի հետ հանդիպումից հետո՝ փոխվել է կարծիքս:

Վերջիվերջո բոլոր հեղինակներն էլ միևնույն բանի մասին են խոսում: Հաճախ կարելի է համարյա բառացիորեն նույն արտահայտությունների հանդիպել տարբեր հեղինակների մոտ: Ես կարծում եմ, որ դրա պատճառն այն է, որ այսօր մեկ բան կա միայն կարևոր մարդկության համար. վերանայել փոխհարաբերությունները մարդու և Աստծո միջև և, որ պակաս կարևոր չէ, մարդու և մարդու միջև: Կարևորը՝ միտքը տեղ հասցնելն է: Իսկ թե ինչ լեզվով և ում միջոցով, - կարծում եմ, դա արդեն՝ ինչպես հնարավոր է:

Եվ այդ պատճառով, ելնելով իմ այսօրվա հնարավորություններից, ես կաշխատեմ ուղղակի վերարտադրել ուրիշների մտքերը, որտեղ անմիջականորեն թարգմանելով, որտեղ էլ վերարտադրելով դրանք իմ հասկացածով: Իսկ երբեմն էլ, ինչպես արդեն անխուսափելիորեն պատահել է աշխատանքի պրոցեսում, շարադրելով արդեն իմ մտքերը, ինչին ես հանգել եմ այս տարիների ընթացքում, երբ Նյու Էյջը դառավ իմ, եթե կարելի է այդպես ասել, կենսավիճակը:


Վ Ե Ր Ջ

27 հունիս 2011
















05 սեպտեմբեր 2011

Չէի կարծում, թե երբևիցէ նորից անդրադառնալու եմ արդեն ավարտածս այս պատմությանը, բայց…

Հարութը ստիպեց: Չէ, ավելի ճիշտ կլինի ասել. համոզեց: Նա ասաց, որ եթե ես հարկ եմ համարել պատմել վերոհիշյալ բոլոր պատմությունները, ուրեմն հիմա արդեն ուղղակի իրավունք չունեմ նրանց, ովքեր ընթերցել են պատմածս, տեղյակ չպահել այն բանին, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ:

… Դեռևս հունիսի վերջերին, երբ Հարութը կարդաց “Նոր Դար, Նոր Էջը…”, նա ասաց, որ չկա այնպիսի տեղ, ուր ես տարել եմ Ուգոյին: Ասաց, որ ինքը շատ լավ ծանոթ է համար վաթսուն մայրուղուն, և որ նրա վրա այդպիսի տեղ չկա՝ “Դուբիդագ”:

Ես ասացի, ոչ թե “Դուբիդագ”, այլ՝ “Դուբիդուքս”: Մի խոսքով, սկսեցինք վիճել այդ, առաջին հայացքից, կարծես թե մանրուքի վրա: Քանի որ դեպքը, ինչպես հաճախ լինում է իմ ներկայիս շրջապատում, տեղի էր ունենում տաքսիների հերթում, ներկաներից մեկը, լսելով մեր վեճը, և ուղղակի որոշելով վերջ տալ դրան, հեռախոսով մտավ համացանց, գտավ այդ տեղը և ցույց տվեց մեզ:

Այնտեղ գրված էր. “Ռուբիդուքս”:

Վեճն անմիջապես դադարեց: Լռեցինք երկուսս էլ; Ես՝ ապշած նրանից, թե ինչո՞ւ եմ “Ռուբիդուքսը” գրել “Դուբիդուքս”: Հարութն էլ նրանից, թե ինչո՞ւ է “Դուբիդուքսը” կարդացել “Դուբիդագ”:

Հետո նա՝ կարծես թե արթնացավ: Ու սկսեց հորդորել, համոզել ինձ, որ ես նորից գնամ Ռուբիդուքս: Նույնիսկ առաջարկում էր գնալ միասին: Նա պնդում էր, որ Ռուբիդուքսն, իհարկե, գոյություն ունի, բայց… Չգիտես ինչու, նա համոզված էր, որ ես չեմ գտնի այն տեղը, որտեղ բաժանվել եմ Ուգոյից: Նա պնդում էր, որ ես Ուգոյին տարել եմ… մի ուրիշ… տարածք:

Ես, չգնացի իհարկե: Չգիտեմ, թե ինչու: Միգուցե այն էր պատճառը, որ ներքուստ հավատո՞ւմ էի Հարութին: Իսկ նա… Այս անցած ավելի քան երկու ամիսների ընթացքում հանգիստ չէր տալիս ինձ: Ամեն հանդիպելիս անհապաղ հարցնում էր. “Հը՞, գնացի՞ր… գնացի՞ր…” Առաջարկում էր գնալ միասին…

…Երեկ հաճախորդ տարա Ռիվերսայդ քաղաք: Այնտեղ է տանում մեր հիշարժան վաթսուներորդ մայրուղին: Արդեն քիչ էր մնացել հասնեմ, երբ մայրուղու ելքերը ցույց տվող ցուցանակի վրա աչքիս ընկավ. “Ռուբիդուքս”: Ինձ անհրաժեշտ ելքը՝ հաջորդն էր:

Հաճախորդիս իջեցրի ու վերադարձի ճանապարհին, մտա Ռուբիդուքս: Ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես տպվել էր հիշողությանս մեջ. այն գլխավոր փողոցը, ուր թեքվեցինք Ուգոյի հետ ու երկար գնում էինք: Այն ժամանակ ճանապարհը վերանորոգվում էր, իսկ այժմ՝ թարմ ասֆալտ էր ճանապարհին, իսկ երկու հանդիպակաց գծերի մեջտեղում հսկայական արմավենիներ էին տնկել: Տեսա ու անմիջապես այդ փողոցի անունն էլ հիշեցի:

Դեռ հեռվից, ձախի վրա նշմարեցի երկու բենզոկայանները՝ այն փողոցի երկու կողմերում, որտեղ ձախ էինք թեքվել Ուգոյի հետ; Որոշել էի չշտապել. թեքվեցի
ձախ, մտա աջիս բենզոկայանը, բենզին լցրեցի տաքսու մեջ; Ու քանի սպասում էի, պատառիկներ էի վերհիշում Ուգոյի հետ կայացած մեր խոսակցությունից, կարծես կրկին վերապրում էի անմոռանալի այն հանդիպումը:

Հետո անշտապ փողոց դուրս եկա բենզոկայանից և անմիջապես աջ թեքվեցի՝ այն փողոցը, որտեղ իջեցրել էի Ուգոյին;

Առջևումս, մոտ հիսուն մետր հեռավորության վրա… փակուղի էր, փողոցի վերջը: Մտածելով, որ հավանաբար շփոթել եմ մի բան, որոշեցի թեքվել հաջորդ փողոցը: Սա էլ, առաջինի պես, ավարտվեց փակուղով: Երրորդ փողոցը փակուղով չվերջացավ, բայց սա էլ բլուրը բարձրացավ: Ուգոյից բաժանվելուց հետո ես ոչ մի բլուր էլ չէի բարձրացել: Ես ուղիղ շարունակել էի ճանապարհս, որը շուտով միացել էր դլխավոր փողոցին, որն էլ ինձ արդեն մայրուղի էր հանել:

Չերկարացնեմ: Մոտ քսան-երեսուն րոպե աանիմաստ այսուայն կողմ էի անում այդ փոքրիկ փողոցներով, նախապես արդեն հասկանալով, որ չեմ գտնի այն տեղը:

Չգտա: Այն տեղը… չկար…

…Պատմածիցս Հարութի աչքերը փայլփլում էին հիվանդագին, և նա անընդհատ կրկնում էր. “Բա որ ասում էի, բա որ ասում էի…”: Հետո խոստովանեց, որ այս երկու ամսվա ընթացքում արդեն երեք անգամ գնացել է այն տեղն ու փորձել է իմ պատմածների հիման վրա գտնել իմ և Ուգոյի բաժանման վայրը…

Իսկ ես ոչինչ չեմ ասում: Որովհետև ասելու ոչինչ չունեմ: Ու նաև չգիտեմ, թե ինչ ասեմ: Ես ձեզ ուղղակի տեղյակ եմ պահում նրան, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ…

Այսքանը: